Վրացի միլիարդատեր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Բիդզինա Իվանիշվիլիի կինը` Եկատերինա Խվեդելիձեն, մասնակիորեն հաղթել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ ներկայացված դատական հայցը: Грузия Online-ի փոխանցմամբ` նա նախագահից 20 հազար լարի (մոտ 12 հազ. դոլար) է պահանջում պատճառված բարոյական վնասի համար: Խվեդելիձեի բողոքը կապված է նախագահի նախորդ տարվա հրամանագրի հետ, համաձայն որի, Իվանիշվիլին և նրա կինը զրկվել էին վրացական քաղաքացիությունից: Նման որոշման համար որպես պաշտոնական պատճառաբանություն էր բերվում այլ երկրների քաղաքացի լինելու փաստը:
Սակայն Իվանիշվիլիի դեպքը տարբերվում էր Խվեդելիձեինից; Գործարարը վրացական քաղաքացիություն էր ստացել 2004 թվականին` այդ պահին ունենալով Ռուսաստանի անձնագիր (Վրաստանի օրենսդրությունը թույլ է տալիս բացառության կարգով քաղաքացիություն տրամադրել այլ երկրների քաղաքացիների): Այնուհետև, ինչպես հաղորդում է Civil Georgia-ն, խախտելով վրացական օրենսդրությունը նա ևս մեկ` ֆրանսիական անձնագիր էր ձեռք բերել:
Խվեդելիձեն իր հերթին, Ֆրանսիայի քաղաքացի է եղել այն պահին, երբ ստացել է վրացական քաղաքացիությունը: Դրանից հետո նոր քաղաքացիություն նա չի ստացել:
Այն բանից հետո, երբ միլիարդատերն ու նրա կինը զրկվել էին վրացական քաղաքացիությունից, դիմել էին դատարան: Նրանց դժգոհությունները մասնակիորեն են բավարարվել. դատարանը ընդունել է, որ Խվեդելիձեի վերաբերյալ նախագահական հրամանը ապօրինի է եղել: Նախագահին այս կապակցությամբ պարտավորեցրել են 100 լարիի չափով (60 դոլար) դատական ծախսերը փոխհատուցել: