«Երևանի Գլխավոր պողոտայում` Մաշտոց պողոտայի հարևանությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական, կառուցապատման աշխատանքները հանրության շրջանում լուրջ անհանգստության, ինչպես նաև բնապահպանական և հասարակական մի շարք կազմակերպությունների բողոքի ալիք են բարձրացրել: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում գրել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
«Հաշվի առնելով հանգամանքը, որ աշխատանքներն իրականացվում են Երևանի Գլխավոր հատակագծով հաստատված և ամրագրված կանաչ, հանրային տարածքում, հաշվի առնելով, որ այն կենսագործունեության միջավայրի փոփոխություն է ենթադրվում, ինչպես նաև ելնելով իրողությունից, որ կատարվող աշխատանքները շոշափում են երևանցիների և մայրաքաղաքի կենսական շահերը, բնապահպանական և մշակութային խնդիրները, առաջնորդվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով, խնդրում ենք հնարավորինս կարճ ժամկետում հրավիրել հանրային քննարկում` իրազեկելու վերոհիշյալ տարածքի առնչությամբ քաղաքապետարանի ծրագիրը, ինչպես նաև լսելու շահագրգիռ անձանց և կազմակերպությունների տեսակետը», – նամակի տեքստն է մեջբերում yerkir.am-ը: