Բնապահպան ակտիվիստները, ովքեր արդեն 2-րդ շաբաթն է` շարունակում են նստացույցը Մաշտոցի այգում, այսօր երթով շարժվել են դեպի Երևանի քաղաքապետարան` պահանջելու քաղաքապետից փոխել որոշումը և Մաշտոցի այգում ապամոնտաժել առևտրի տաղավարները:
Քաղաքապետարան հասած տասնյակ մարդիկ վանկարկել են «Տարոն, արի»` պահանջելով, որ Երևանի քաղաքապետն իջնի իրենց մոտ: Ակտիվիստների մոտ է դուրս եկել Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մակարյանը, ով նախ հորդորել է հավաքվածներին վիրավորական վանկարկումներ չանել, այնուհետև առաջարկել է նամակը հանձնել իրեն` պատճառաբանելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղված է և չի կարող հանդիպել իրենց:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը և մի քանի ակտիվիստներ Մակարյանի հետ զրուցելուց հետո համաձայնել են քաղաքապետին հասցեագրված նամակը հանձել նրա միջոցով:
Այնուամենայնիվ, հավաքվածները Մակարյանի հեռանալու ժամանակ վանկարկում էին «Ամոթ, ամոթ» և «Տարոն, արի»:
Այս պահին բողոքողները Երևանի քաղաքապետարանից սպասում են նամակի պատասխանին: