Home / Հայաստան / Ֆրանսիական քաղաքում արգելել են կանանց «մադմուազել»-ով դիմել

Ֆրանսիական քաղաքում արգելել են կանանց «մադմուազել»-ով դիմել

Ֆրանսիական Ֆոնտանե-սու-բուա համայնքի իշխանությունները պաշտոնական փաստաթղթերից վերացրել են «մադմուազել» բառը, որը չամուսնացած կնոջը դիմելու պաշտոնական ձև է: Նրանք այդ բառը «արժանապատվությունը ոտնահարող, սեքսիստական և խտրական» են որակել:

Այսուհետ մերձմայրաքաղաքային համայնքի բնակիչները ընդամենը կհայտնեն իրենց սեռը` առանց ընտանեկան կարգավիճակը հստակեցնելու: Բացի դրանից, իշխանությունները շրջանառությունից դուրս են բերել «օրիորդական ազգանուն» տերմինը` անվանելով այն «հնամյա» և «կուսությունից զրկված լինելու» վերաբերյալ մտքեր առաջացնող. և փոխարինել են  այն  «ծննդյան պահին տրված ազգանուն» արտահայտությամբ:

Համայնքային իշխանություններն այս որոշումը բացատրում են իրավահավասարության սկզբունքով` վկայակոչելով այն փաստը, որ տղամարդկանց, ի տարբերություն կանանց, չեն ստիպում  ընտանեկան կարգավիճակը հստակեցնել: