Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն առաջիկայում Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի ֆոնին վերլուծել է քաղաքացիների իրավունքները Ադրբեջանում և այս մասին զեկույց հրապարակել:
«Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում փիառ-արշավի վրա` փորձելով իրեն որպես ժամանակակից և պրոգրեսիվ երկիր ներկայացնել: Սակայն անկախության 20 տարիների ընթացքում նրան չի հաջողվել կյանքի կոչել իր քաղաքացիների հիմնարար ազատությունների մեծ մասը, այն ժամանակ երբ նախագահ Ալիևի օրոք ավտորիտար կառավարման ամրապնդումը հիմնականում արհամարհվում էր արտաքին աշխարհի կողմից: Նախագահի և կառավարության անդամների քննադատության համար հաճախ պատժում էին, անկախ նրանից` ինչպես էր քննադատությունն արտահայտվում` քաղաքականության միջոցով, լրագրության, ծաղրի կամ անգամ սոցիալական ցանցերում:
Այս ճնշումը անտեսանելի է մնում միջազգային հանրության համար, որոնց հայացքները, թվում է, թե ավելի շատ կենտրոնանում են նավթային փողերի վրա և էներգետիկ անվտանգության, քան հասարակ ադրբեջանցիների իրավունքների վրա: Խաղաղ հակակառավարական ցույցերը ավարտվում էին քրեական պատասխանատվությամբ և բանտում էին հայտնվում նրանք, ովքեր մասնակցում էին դրանց: Ոստիկանությունը ոչ իրավաչափ ուժ էր կիրառում խաղաղ և պաշտոնապես արտոնված ցույցերի մասնակիցներին ցրելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ սպառնալիքներն ու ահաբեկումները օգտագործվում էին վարչական միջոցների հետ: Լրագրողներին ծեծում էին, դաժան վերաբերմունքի արժանացնում և առևանգում: Համացանցն ու սոցիալական ցանցերը նույնպես շրջափակման մեջ են: Բլոգերներն ու երիտասարդ ակտիվիստները հետապնդման են ենթարկվում և կալանավորվում սարքված մեղադրանքներով: Ներկայումս կառավարությունը դիտարկում է համացանցի վերահսման և մոնիթորինգի հնարավորությունները: Ադրբեջանի իշխանությունները ճնշում են ազգային բողոքի բոլոր նախանշանները:
Ներկայումս լրագրողների վրա իրականացված հարձակման ոչ մի արդյունավետ հետաքննություն չի անցկացվել:
Քաղաքային իշխանություններն արգելում են հանրային միջոցառումները Բաքվի կենտրոնում:
Ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում աշխատող ՀԿ-ները բախվում են ճնշումների և հետապնդումների, նրանց չեն գրանցում կամ փակում են:
Ադրբեջանում դաժան վերաբերմունքն ու խոշտանգումները մնում են երկրի համար առաջնային խնդիր: