17:49 Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի ուսանողները սատարել են Մաշտոցի պուրակում բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստներին` հանդես գալով հայտարարությամբ: Միևնույն ժամանակ, ուսանողները քննադատել են ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանի այն հայտարարությունը, համաձայն որի Մաշտոցի այգու տարածքը «Լեզվաբանական համալսարանի համար մտահոգիչ խնդիր չէ»։
«Մենք այսօր ԵՊԼՀ-ում անցկացրել ենք ստորագրահավաք` ի պաշտպանություն պուրակում հավաքված բնապահպանների օրինական պահանջների, որին մասնակցել է բուհի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը: Ստորագրահավաքը դեռ շարունակվում է: Սա ապացուցում է, որ ՈՒԽ նախագահը չարաշահել է իր լիազորությունները և հանդես է եկել ողջ համալսարանի անունից», – ասված է հայտարարության մեջ:
Ուսանողների խոսքով` օրիորդ Ափյանի հայտարարությունը ինքնակոչ է և չի արտահայտում ԵՊԼՀ-ի ուսանողության և դասախոսական կազմի միասնական կարծիքը:
16:50 Ակտիվիստ, բլոգեր Բայանդուր Պողոսյանը Մաշտոցի պուրակում հացադուլ է հայտարարել` այսկերպ իր բողոքն արտահայտելով պուրակում իրականացվող շինարարության դեմ:
«Ուզում եմ ապացուցել, որ խաղաղ ցույցը կարող է վճռական լինել այս հարցում», – ասել է ակտիվիստը:
16:31 Բնապահպան ակտիվիստները, որոնք շարունակում են բողոքի ակցիան Մաշտոցի պուրակում, հայտարարությամբ են հանդես եկել` կոչ անելով բոլոր մտահոգ քաղաքացիներին գալիք երկու օրվա ընթացքում միանալ իրենց ակցիային: Այս պահին Մաշտոցի պուրակում հավաքվել են մոտ հարյուր ակտիվիստներ, ոստիկանները շարունակում են հսկել տարածքը` թույլ չտալով նրանց մոտենալ մոնտաժվող կրպակներին, իսկ շինարարները շարունակում են աշխատել:
Ակտիվիստներին այսօր այցելել են երգիչներ Արսեն Գրիգորյանը և Արթուր Իսպիրյանը, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել բնապահպաններին: