Կամերային Թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի ավագանու անդամ Արա Երնջակյանն այսօր չէր եկել լրագրողների հետ հանդիպմանը` պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունի, թեև նրա անունը նախապես ներկայացված էր ասուլիսի մասնակիցների ցանկում ճարտարապետ Լևոն Իգիթյանի, բնապահպան Կարինե Դանիելյանի և իրավաբան Մերի Խաչատրյանի հետ մեկտեղ:
Ինչպես և Արա Երնջակյանը մի քանի օր առաջ, Լևոն Իգիթյանը նույնպես կողմ է արտահայտվել Մաշտոցի այգում տաղավարներ կառուցելու Երևանի քաղաքապետարանի գաղափարին: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի եղել Մաշտոցի պուրակում ու չգիտի, թե ինչ է կատարվում այնտեղ: Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ բնապահպաններն այգում պայքարում են կրպակների մոնտաժման դեմ:
«Այ, մարդ, ես ինչ գործ ունեմ», – ասել է Իգիթյանը, երբ Մերի Խաչատրյանն նշել է, որ այգում խեղդվում եմ ծառերն ու խախտվում են բոլոր քաղաքաշինական նորմները:
Ասուլիսի ընթացքում Խաչատրյանը զարմացել է, որ Մաշտոցի այգում կատարված շինարարական աշխատանքները, որոնք տեղի են ունեցել ծննդատան հարևանությամբ՝ մի քանի տասնյակ ոստիկանների անմիջական հսկողությամբ, չեն անհանգստացրել ծննդատան աշխատակիցներին, փոխարենը ծննդատնից երեկ կեսօրին զգուշացրել են, որ իրենց խանգարում է բնապահպանների երգն ու պարը, նրանց աղմուկը:
«Այն, որ պարոն Իգիթյանն ու Սարգսյանն (Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան – խմբ.) ասում են, թող խոսեն միայն ճարտարապետները, մնացածները պրոֆեսիոնալ չեն, մնացածը ագրեսիվ են ու չկայացած, սխալ է: Այն մոտեցումը, թե թող գինեկոլոգը չխոսի… առաջինը հենց պետք է գինեկոլոգը խոսի, քանի որ ինքն է տեսնում այն աննորմալ ծնունդը, որն առաջանում է այս տիպի քաղաքաշինության արդյունքում: Սա ընդհանուր քաղաք է ու բոլորիս ձայնը պիտի լսվի», -ասել է Կարինե Դանիելյանը:
Իգիթյանը, խոսելով Մաշտոցի այգում տեղադրվող կրպակների մասին, հիշեցրել է անկախության առաջին տարիներին Երևանի կենտրոնական փողոցների վիճակի մասին:
«Խանութներ չկային, ծայրից-ծայր սեղանիկներ էին դրած, առևտուր էին վարում, ու այդ առևտուր անողները դերասաններ էին, բժիշկներ, ճարտարապետներ, որոնք պիտի ապրեին, ու դա սարսափել էր: Եկավ մի գեղեցիկ օր, սեղանիկները վերացան: Ուզում եմ էդ էվոլուցիան նկատեք, զարգացումը նկատեք, սեղանիկները վերացան ուստի կրպակներ առաջացան ու շատ էին: Կրպակների պակասելը չե՞ք նկատում: Վաղը, մյուս օրը դրանք էլ չեն լինի (նկատի է ունեցել Մաշտոցի այգում տեղադրվող կրպակները-խմբ)», – նկատել է ճարտարապետը:
Ըստ Իգիթյանի՝ այդ կրպակները այնտեղ չեն մնալու ու, հավանաբար, կհանվեն մինչև երկու տարին լրանալը:
Կարինե Դանիելյանի հավաստմամբ` Մաշտոցի պուրակը պետք է ծառայի հարևանությամբ գտնվող հիվանդանոցին ու ծննդատանը, ոչ թե դառնա կրպակների տեղադրման վայր:
«Քաղաքապետն այս վայրում կրպակների տեղադրումը տեսնում է որպես ժամանակավոր լուծում», – ասել է Դանիելյանը և հավելել, որ իր կռիվը քաղաքապետի շրջապատի հետ է, որը «համոզել քաղաքապետին»:
Դանիելյանը նշել է, որ ինքը հավատում է Տարոն Մարգարյանին, որովհետև Ավան համայնքն է տեսնում, որտեղ թաղապետ է եղել Մարգարյանը:
Մերի Խաչատրյանն էլ փաստել է, որ արդեն քանի օր է` ինքը հանդիպում է ոստիկանների ու ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն իրականում իրենց պահանջը քաղաքային իշխանության դեմ է:
«Երևանի քաղաքապետը չի այցելում, որ տեսնի` իր քաղաքի բնակիչներն ինչ են ուզում: Երբ նրան ասել են, որ մենք պահանջատեր հասարակություն ենք, պարոն քաղաքապետն իրեն վատ է զգացել՝ ո՞նց թե, պահանջատերը հրամայական տոնով է ասված, հրամայական տոնո՞վ եք ինձ հետ խոսում: Բայց մեր իշխանությունները կարո՞ղ են հասկանալ` ինչ է պահանջատեր հասարակությունը: Դա գլոբալ մարդկային աշխարհընկալում է, ու մեր երիտասարդությունը պահանջում է պաշտպանել իր իրավունքները», – ասել է Խաչատրյանը:
Նա նաև հավելել է, որ քաղաքապետը կարող է ժամանակավորապես դադարեցնել պուրակում կատարվող շինարարությունն ու հանրային քննարկում իրականացնել` բնապահպանների առաջարկները քննարկելու համար:
«Առաջարկն հետևյալն է՝ այդ կրպակները շատ հանգիստ կարելի է տեղափոխել Ձկան խանութի գետնանցում, որտեղ արդեն 20 տարի է՝ ոչ մի խանութ չի գործում. դրանք փակ են երկաթյա ճաղերով», – ասել է Խաչատրյանը:
Նա նաև ընդգծել է, որ մեր քաղաքապետարանն ու պետությունը չեն ապահովում հասարակայնության հետ կապը, պատկան մարմինների փոխարեն, մեզ հետ հանդիպում են ոստիկաններն ու ոստիկանաապետերը:
Ի պատասխան` բանախոս Լևոն Իգիթյանը պատասխանել է, որ այդ ամենը ենթակա է ուսումնասիրության:
«Այս անհամբերությունն ու կռիվ սարքելու ցանկությունը, չարությամբ լցված տրամադրությունը տեսնելով` ճշմարտության մասին խոսել չի կարելի, եկեք փողոցային պատերազմներ չսարքենք ու գնանք այդ ուղղությամբ», – ասել է Իգիթյանը:
Իգիթյանը նշել է, որ բողոքող ակտիվիստներից ոմանք իր ուսանողներն են, որոնք շատ թույլ ուսանողներ են և չկայացած մարդիկ: Նա ասել է, որ փողոցներում խոսելով ճարտարապետ չեն դառնում, այլ՝ գծագրական տախտակի մոտ: