2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մանրամասները հետազոտող Թուրքիայի նախագահին կից գործող Պետական վերահսկողական ծառայությունը (DDK) 650 էջանոց զեկույց է պատրաստել:
Զեկույցում բացահայտվել են այն սխալները, որոնք թույլ են տրվել հանցագործության մեջ կասկածվող մի շարք պաշտոնյաների նկատմամբ իրականացված հետաքննության ընթացքում:
DDK-ի զեկույցը երկուշաբթի հրապարակվել է Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Դինքի սպանության հետաքննության հարցում հանրային կարծիքի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի աճող դժգոհության ֆոնին նախագահ Գյուլը նախորդ տարի պատվիրեց DDK-ին հանգամանորեն հետաքննել հանցագործությունը:
Հետաքննությունը ցույց է տվել, որ ոստիկանությունը տեղյակ էր լրագրողի սպանության վերաբերյալ ծրագրերին, այդուհանդերձ, չէր միջամտել այն կանխելու համար: DDK-ի զեկույցը վկայում է, որ պաշտոնյաների անտարբերության հետևողականությունը չի ուսումնասիրվել որպես ամբողջական գործողություն և ոչ մի առանձին հետաքննություն չի անցկացվել համապատասխան պետական մարմիններում:
Ըստ զեկույցի` հետաքննության ընթացքում օգտագործված մեթոդները թույլ չեն տվել ուսումնասիրել պաշտոնյաների հանդեպ ներկայացվող բոլոր մեղադրանքները:
Այս բացթողման արդյունքում սպանության գործում ունեցած պաշտոնյաների գործողությունների լրջության աստիճանը չի գիտակցվել և կապը նրանց գործողությունների և հանցագործության միջև հնարավոր չի եղել հաստատել` հանգեցնելով ընդհանուր հետաքննության ձախողմանը:
«Մենք գիտենք, որ շատ սխալներ են թույլ տրվել սպանության հետաքննության ընթացքում: Այս սխալների բացահայտումը կարևոր քայլ է, տեսնելու համար`ինչպես է գործում օրենքը: Դինքի գործով վերջնական վճիռը կբողոքարկվի: Երբ DDK-ի բացահայտումները հասնեն համապատասխան մարմիններին, հետաքննությունը կվերսկսվի», – զեկույցի առնչությամբ ասել է իշխող արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիկը:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ստամբուլի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 2007 թվականին սպանված «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին, ով անմիջականորեն պատվիրել էր սպանությունը 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին, մինչդեռ մյուս մեղադրյալը` Էրհան Թունչելը, արդարացվել էր սպանության մասով, սակայն մեղավոր ճանաչվել մեկ այլ գործով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Գործով անցնող ևս 19 մեղադրյալներ արդարացվել էին: