Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հետևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և չի միջամտում, քանի որ այս հարցում արդեն գործում են մեկ այլ միջազգային կառույցի (ԵԱՀԿ ՄԽ) շրջանակներում աշխատող մեխանիզմները: Այս մասին լրագրողների հետ զրույցում փետրվարի 21-ին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Կողմերի միջև ռազմական գործողությունների վերսկսման և ճգնաժամային իրավիճակի ստեղծման դեպքում Հայաստանը, նրա խոսքով, որպես ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ «ողջ անհրաժեշտ օգնությունը կստանա իր դաշնակիցներից»:
«Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, որը տիրապետում է իր պարտականություններին և իրավունքներին: Այն պարտավոր է իր հնարավորությունները տրամադրել հավաքական անվտանգության ապահովման համար և իրավունք ունի նույնպիսի օգնություն ստանալ իր դաշնակիցներից»,-ընդգծել է Բորդյուժան:
Նրա խոսքով` ամեն ինչ կախված կլինի կոնկրետ իրավիճակից, իսկ «ՀԱՊԿ անդամ պետություններում իրադարձությունների զարգացում կանխատեսելը այսօր անհնարին է»: «Գործողությունների ծրագիրը կորոշվի իրավիճակից ելնելով: Բացի ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերից, գոյություն ունեն նաև իրավիճակի վրա ազդելու քաղաքական հնարավորություններ և խաղաղարար ներուժ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման, ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և միգրացիայի դեմ պայքարի մեխանիզմներ:
«Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ` Հայաստանը կստանա անհրաժեշտ օհնությունը որպես ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ», – ասել է Բորդյուժան:
Նշենք, որ ՀԱՊԿ-ի ռազմաքաղաքական միության անդամ են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: