Փետրվարի 22-ի առավոտյան`08:25-ին, Աբխազիայի ղեկավար Ալեքսանդր Անկվաբի հանդեպ մահափորձ է իրականացվել: Նախագահը չի տուժել, զոհվել է հանրապետության առաջնորդի երկու թիկնապահներից մեկը: Մյուսը վիրավոր է, նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Միջադեպը տեղի է ունեցել Գուդաուդա քաղաքի շրջանում, երբ հանրապետության ղեկավարը աշխատանքի էր գնում մայրաքաղաք Սուխումի:
Նախագահական շարասյան ճանապարհին հեռակառավարվող ական է պայթել: Պայթյունի արդյունքում հիմնականում վնասվել է նախագահին ուղեկցող մեքենան: Պայթյունի վայրում մեծ տրամագծով խորը խոռոչ է առաջացել:
Ականի պայթյունից հետո, մեքենաների շարասյունը նռնակային և գնդացրային հարձակման է ենթարկվել:
Life News-ի տեղեկություններով` պայթյունների ժամանակ թիկնապահները պաշտպանել են նախագահին իրենց մարմնով:
Ներկայումս նախագահը գտնվում է Սուխումիի աշխատավայրում:
«Ես չեմ տուժել, հիմա դրա ժամանակը չէ», -ասել է Անկվաբը:
Սա Աբխազիայի առաջնորդի դեմ իրագործված արդեն 5-րդ հարձակումն է: Մահափորձերից և ոչ մեկը չի բացահայտվել: