Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է իրանական հատուկ ծառայությունների առաջադրանքի համաձայն գործող ևս մեկ ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին: Արտասահմանյան քաղաքացիների դեմ ահաբեկչություններ ծրագրող խմբավորման անդամների ձերբակալության մասին հայտնում է «Ինտերֆաքսը»`հղում կատարելով ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքին:
Ըստ ադրբեջանական գերատեսչության, խմբավորումը ստեղծվել է իրանական «Սեպախ» հատուկ ծառայությունների աշխատակից Համիդի և «Մուգավիմաթ» անունը կրող «Հըզբոլա» խմբավորման զինված թևի ղեկավար Հաջի Աբասի կողմից:
Ինչպես հայտարարվել է AzTV-ի եթերում, գործելով «Սեպախի» առաջադրանքով, խմբավորման անդամները հետախուզական բնույթի տեղեկություններ էին հավաքում: Նրանք նաև հրազեն, զինամթերք, պայթուցիկ են ձեռք բերել, բացի դա, ահաբեկչության նախապատրաստման աշխատանքներ են տարել:
Ադրբեջանի անվտանգության նախարարությունը, սակայն որոշել է չբացահայտել խմբավորման ձերբակալված անդամների թիվը:
Նշենք, որ 2012 թվականին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը արդեն եկրորդ անգամ է` հայտարարում իրանական հատուկ ծառայությունների հետ կապված ահաբեկչական խմբավորման բացահայտման մասին: Հունիսի վերջին հաղորդվել էր Ադրբեջանի քաղաքացիներ Ռասիմ Ալիևի և Ալի Հուսեյնովի ձերբակալության մասին, որոնք Իրանում բնակվող ադրբեջանցի Բալագարդշա Դադաշովի կարգադրությամբ ահաբեկչություններ էին նախապատրաստում:
Վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի միջև լարվածություն է նկատվում: Բոլորովին վերջերս էլ Իրանը մեղադրեց Ադրբեջանին իրանական միջուկային ծրագրի վրա աշխատող գիտնական Մոսթաֆի Ահմադի Ռոշանի սպանության կազմակերպման հետ կապ ունենալու մեջ: