Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը գտնում է, որ Մաշտոցի պուրակում բողոքի ակցիայի վերաբերյալ կարծիք արտահայտելը իր իրավասություններից դուրս է: Այս մասին ասված է ԵՊԼՀ-ի հայտարարության մեջ:
«Ո՛չ համալսարանը, ո՛չ էլ նրա ինքնակառավարման մարմին հանդիսացող Ուսանողական Խորհուրդը բուհի անունից վերոնշյալ հարցի վերաբերյալ հայտարարություններ տարածելու որևէ լիազորություն չունի: Համալսարանի դասախոսները և ուսանողները կարող են արտահայտել միայն իրենց անձնական կարծիքները», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԵՊԼՀ-ի Ուսանողական Խորհրդի նախագահ Հասմիկ Ափյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մաշտոցի այգու տարածքը «Լեզվաբանական համալսարանի համար մտահոգիչ խնդիր չէ»։
Երեկ ԵՊԼՀ-ի մի շարք ուսանողներ այցելել են Մաշտոցի պուրակ` սատարելու այգու համար պայքարող ակտիվիստներին:
Ուսանողները քննադատել են Հասմիկ Ափյանի այն հայտարարությունը ու նշել, որ իրենք համալսարանում անցկացրել են ստորագրահավաք` ի պաշտպանություն պուրակում հավաքված բնապահպանների օրինական պահանջների, որին մասնակցել է բուհի ուսանողական և պրոֆեսորադասախոսական կազմի մեծամասնությունը:
«Սա ապացուցում է, որ ՈՒԽ նախագահը չարաշահել է իր լիազորությունները և հանդես է եկել ողջ համալսարանի անունից», – ասված է բրյուսովցիների հայտարարության մեջ:
Ուսանողների խոսքով` օրիորդ Ափյանի հայտարարությունը ինքնակոչ է և չի արտահայտում ԵՊԼՀ-ի ուսանողության և դասախոսական կազմի միասնական կարծիքը: