Home / Հայաստան / Երևանում ադրբեջանցի պատգամավորը խոսեց ղարաբաղյան հարցից. ըստ հայերի` վայրը ճիշտ չէր ընտրված

Երևանում ադրբեջանցի պատգամավորը խոսեց ղարաբաղյան հարցից. ըստ հայերի` վայրը ճիշտ չէր ընտրված

Այսօր Հայաստանի Ազգային ժողովում կայացած Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացվել է զեկույց, որն անդրադառնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման կարևորությանը, դրա կայացման խոչընդոտների ուսումնասիրությանը, մասնավորաբար, խոսքի ազատության, գենդերային հավասարության հիմնահարցերին:

«Քաղաքացիական հասարակության ձևավորումը Եվրանեսթի անդամ երկրներին ավելի կմոտեցնի ԵՄ-ին: Լավ գործող կառավարարական համակարգի համար ամենակարևոր տարրը հենց քաղաքացիական հասարակություն է»,- ասել է հանձնաժողովի համանախագահ Լայմա Անդրիկիենեն:

Քաղաքացիական հասարակության զարգացման համար նա կարևորել է ոչ միայն համագործակցությունը ԵՄ-ի և «Արևելյան գորընկերություն» ծրագրի մասնակից երկրների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Ուկրաինա) միջև, այլև հենց ԱԳ երկների միջև:

 

Անդրադառնալով այդ հարցին` նիստի մասնակից ադրբեջանական պատվիրակութան անդամ Ազայ Գյուլիևը հայտնել է, որ տարածաշրջանային համագործակցությունը խոչընդոտվում է  բոլորին հայտնի տարածաշրջանային խնդիրների պատճառով:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ԼՂ հարցը լուծվի միջազգային չափանիշներին համապատասխան: Դրանից հետո դռներ կբացվեն և’ Ադրբեջանի, և’ Հայաստանի համար»,- ասել է Գյուլիևը:

Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի հայտարարությանը` ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է.

«Կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը կողմ է տարածաշրջանային համագործակցությանը` մինուս Հայաստան:  Մենք հույս ունեինք, որ գոնե այս հանդիպումը չի վերածվի ավանդական վեճի»:

Թեման փակել է «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` ասելով, որ «Եվրանեսթի» հանդիպումը պատշաճ վայրը չէ հայ-ադրբեջանական հարաբերությունները ճշտելու համար:

«1992-95թթ Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության անդամների ակտիվ համագործակցություն է եղել: 2002 թվականից հետո այն դադարել է: Հիմա ընդամենը պետք է վերսկսել հարաբերությունները: Ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում նման մի ծրագիր սկսելու», – ասել է Ալավերդյանը: