Հայաստանում պետական մարմինները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, որոնք պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով ու փաստաթղթերով, որոնց միացել է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին ասված է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի մասին 2011 թվականին վերաբերող զեկույցում:
«Չնայած այն հանգամանքին, որ մարդու իրավունքները երշխավորելու ու պաշտպանելու գործառույթներ իրականացնող կառույցներում սույն տարվա ընթացքում տեղի են ունեցել որոշակի կադրային փոփոխություններ, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում դրանց հետ կապված որակական փոփոխություններ չեն արձանագրվել», – նշում են զեկույցի հեղինակները` անդրադառնալով ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակումներին:
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվում մայիսի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը, որի գործընթացները տևել են մայիսի 27-ից մինչև սեպտեմբերի 21-ը:
Ըստ Հելսինկյան ասոցիացիայի` համաներում անցկացնելու որոշումը իշխանությունները կայացրել են միջազգային հանրության ճնշումների ներքո, և այն նպատակաուղղված է եղել մարտի 1-ի իրադարձությունների արդյունքում բանտարկության դատապարտվածների ազատմանը: Նշենք, որ, մասնավորապես, համաներմամբ ազատ են արձակվել ՀԱԿ անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը:
«Չնայած համաներման անցկացմանը` քրեակատարողական հիմնարկներում շարունակում է էական խնդիր հանդիսանալ գերբնակեցվածությունը: ՔԿՀ-ներում գտնվող անձիք ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի», – նշված է զեկույցում:
Հելսինկյան ասոցիացիան մեջբերում է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության կողմից տրամադրված տվյալները, համաձայն որոնց 2012 թվականի հունվարի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում գտնվում են կազմակերպության 58 անդամներ, ովքեր իրենց կրոնական համոզմունքների պատճառով հրաժարվել են ծառայել ՀՀ զինված ուժերում:
Հելսինկյան ասոցիացիան այս անձանց որակում է որպես խղճի գերիներ: Կազմակերպությունը խղճի գերիների շարքին է դասում նաև ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
«Շարունակվում են քաղաքական հետապնդումներն այն գործարարների նկատմամբ, ովքեր չեն համագործակցում իշխանությունների հետ: Սրա վառ օրինակն է «Յուկոս»-ի սնանկացումը Ռուսաստանում և մինչ օրս Ռուսաստանի Դաշնության պահանջով շարունակվող քաղաքական հետապնդումները Հայաստանում «Յուկոս»-ի տնօրեն Արմեն Միքայելյանի նկատմամբ», – ընդգծում են զեկույցի հեղինակները:
Անդրադառնալով միջազգային կառույցների զեկույցներին` Հելսինկյան ասոցիացիան նշում է, որ 2011 թվականին Freedom House, Human Rights Watch կազմակերպությունները մարդու իրավունքների իրավիճակը Հայասատնում ներկայացվում են որպես անմխիթար և առաջընթաց չգրանցող:
«Մայիսի 9-ին Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հրապարակել է Հայաստանին վերաբերող իր զեկույցը, որում նա շեշտում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ին իշխանության ներկայացուցիչների կողմից ուժի գործադրումը «անհամաչափ» է եղել, իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` «անարդյունավետ»:
Հոկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 33-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 1837 բանաձևը, որն ըստ Հելսինկյան ասոցիացիայի՝ օբյեկտիվ ձևով չի ներկայացնում մարդու իրավունքների ներկա իրավիճակը, ինչպես նաև իշխանություններին թույլ է տալիս այդ ոլորտում շարունակել իրենց որդեգրած անօրինական քաղաքականությունը», – կարծիք է հայտնում իրավապաշտպան կազմակերպությունը:
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ, չնայած իշխանությունների կողմից հռչակված բարեփոխումների և իրականացվող օրենսդրական փոփոխությունների, դատարանները շարունակում են մնալ կոռումպացված և գտնվել կախյալ վիճակում. խախտվում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, և դատավորները կատարում են դատախազների ու իշխանությունների հրամանները:
Հելսինկյան ասոցիացիայի համաձայն, բանակը շարունակում է հանդիսանալ քրեական և կոռումպացված համակարգ, և առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ Հայաստանից զորակոչված զինվորների մի զգալի մասը շարունակում են իրենց ծառայությունն իրականացնել ԼՂՀ-ում: