Բուլղարացի կոմպոզիտորներ Ալեքսանդր Սավելևը, Դիմիտար Պենևը, Իվան Պեևը և Նայդեն Անդրեևը դատական հայց են ներկայացրել ռուսաստանյան էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովի դեմ իրենց հեղինակային իրավունքները ոտնահարելու համար:
Նրանց կարծիքով` բուլղարական ծագումով ռուսաստանյան երգիչը ոտնահարել է իրենց հեղինակային իրավունքները` չհամաձայնեցնելով նրանց հետ իրենց ստեղծագործությունների օգտագործումը և չվճարելով նրանց համապատասխան հոնորար:
ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` վեճը ծագել է հետևյալ 4 երգերի շուրջ` «Գումարած և հանած» (“Плюс и минус”, Ա.Սավելև), «Մանկական հիշողություն» (“Детское воспоминание” Դ. Պենև), «Խոստովանություն» (“Исповедь”, Ի.Պեև), և «Աստղային երևակայություն» (“Звездная фантазия” Ն.Անդրեև):
«Այս երգերը տարիներ շարունակ օգտագործվում են երգչի կողմից առանց հեղինակների համաձայնության, ինչպես համերգների, այնպես էլ թողարկվող ամբոմների մեջ»,- ասել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական խորհուրդ» կազմակերպության նախագահ Չավդար Գագովը:
Բուլղարիայի օրենսդրությունը պլագիատի համար 3-8 տարվա ազատազրկում է նախատեսում, միաժամանակ օրենքի խստությունը բացատրվում է օրենքի խախտման պարբերականությամբ:
Սոֆիայի դատախազությունն արդեն ընդունել է բուլղարացի կոմպոզիտորների հայտարարությունը և ներկայումս քննում է տվյալ գործը:
«Մենք չենք ուզում, որպեսզի Կիրկորովը բանտ նստի, մենք ուզում ենք համաձայնության գալ, որը երկու կողմերին էլ կբավարարի: Ամեն դեպքում, մենք պետք է նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել»,- ասել է Գագովը: