Home / Հայաստան / Հայկ Գևորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեպքից 10 ամիս առաջ

Հայկ Գևորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեպքից 10 ամիս առաջ

«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գևորգյանը, որը հունվարի 13-ին վրաերթ կատարելու մեղադրանքով փետրվարի 3-ին կալանավորվել էր, իսկ երեք օր անց ազատ արձակվել, երեկ ստացել է իր կալանքի վերաբերյալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությունների դատարանի որոշումը։ Թերթի հաղորդմամբ, որոշման մեջ սենսացիոն մանրամասներ կան։

«Դատավոր Արշակ Վարդանյանի՝ հունվարի 23-ին կայացրած որոշումից տեղեկանում ենք, որ Հայկ Գևորգյանի նկատմամբ քրգործը հարուցվել է դեռ 2011 թվականի մարտի 15-ին։ Պարզ է, չէ՞, «վրաերթը» տեղի է ունեցել 2012 թվականի հունվարի 13-ին, իսկ դրան վերաբերող քրեական գործը հարուցված է եղել դրանից 10 ամիս առաջ։ Դատական նիստը, որում քննարկվել է Հայկ Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը, տեղի է ունեցել դռնփակ, տևել է 18 րոպե, որի ընթացքում դատավոր Արշակ Վարդանյանը հասցրել է մանրամասն ուսումնասիրել 23 էջ փաստաթուղթ, այդ թվում նաև «տուժողի» ձեռագիր ու դժվարընթեռնելի ցուցմունքը, դատաբժշկական եզրակացության անընթեռնելի տեքստը։ Թե քանի րոպե է մտածել դատավորը ՀՀ քաղաքացուն կալանքի ենթարկելու մասին որոշումը կայացնելուց առաջ՝ կռահեք ինքներդ։ Նշենք, որ Արշակ Վարդանյանը ԽՍՀՄ ԿԳԲ-ի հայտնի քննիչ, ապա նաև դատավոր Ժորա Վարդանյանի որդին է։ Մինչ դատավոր դառնալը նա ընդգրկված էր «Մարտի 1-ի» գործը քննող քննչական խմբում՝ որպես քննիչ», – գրում է «Հայկական ժամանակը»:

Հիշեցնենք, որ համաձայն ոստիկանության վարկածի` Հայկ Գևորգյանը հունվարի 13-ին վրաերթի էր ենթարկել քաղաքացի Աշոտ Ֆրանգուլյանին: Լրագրողը իր դեմ հարուցած քրեական գործը համարում է հետապնդում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից: Գևորգյանի կալանավորումը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում. բազմաթիվ իրավապաշտպան և լրագրողական կազմակերպություններ, անհատներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Գևորգյանի կալանավորման դեմ: