Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի և Արտակ Կարապետյանի գործով անցնող վկա, ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը: Ակտիվիստները նշել էին, որ ոստիկաններն իրենց ծեծի են ենթարկել թե Կարապի լճի մոտ, թե ոստիկանության բաժնում:
Արթուր Տեր-Պողոսյանն իր ցուցմունքում նշել է, որ միջադեպի ժամանակ Տիգրան Առաքելյանն իրեն ասել է. «Զորքդ հավաքի, ստեղից ռադ էղի»:
Ոստիկիկանի խոսքով` ինքը մոտ տասնհինգ րոպե փորձել է երիտասարդներին հանդարտեցնել:
Նա նաև նշել է, որ ինքը փորձել է Տիգրան Առաքելյանի հետ զրուցել, սակայն վերջինս կախվել է իր կրծքավանդակից:
Առաքելյանի այն հարցին, թե արդյոք կախվելու պահին ինքն օդի մեջ էր, Տեր-Պողոսյանը դրական պատասխան է տվել, ինչն առաջացրել է ներկաների ծիծաղը:
Տեր-Պողոսյանը նաև ասել է, որ «Առաքելյանը ինքն իրեն է իջել», որովհետև եթե ինքն Առաքելյանին թափահարեր, ապա դա կդիտվեր որպես անօրինական գործողություն:
Սպան հայտարարել է, որ միջադեպի առավել ակտիվ մասնակիցներին բերման ենթարկելու հրամանը ինքն է տվել, որն էլ արվել է:
Տեր-Պողոսյանը նշել է, որ երիտսարդներն իրեն հայհոյել են ու քաշքշել են ոստիկաններին, սակայն նա չի կարողացել ասել, թե, բացի Տիգրան Առաքելյանից, ով և ում է քաշքշել:
Ակտիվիստներից Արտակ Կարապետյանը Տեր-Պողոսյանից ցանկացել է իմանալ` ինչու են ոստիկանները 15 րոպե սպասել չենթարկվող երիտասարդներին բերման ենթարկելուց առաջ, ինչին վկան պատասխանել է, որ իրենք այդ ընթացքում փորձել են երիասարդներին հասկացնել, որ հասարակական կարգը չխախտեն:
Վկան նաև ասել է, որ իրենք երիտասարդներին բերման ենթարկելիս սպորտային հնարք են կիրառել: Արտակ Կարապետյանը հետաքրքրվել է, թե արդյոք մազերը քաշելը սպորտային հնարք է. Տեր-Պողոսյանը նշել է, որ ոստիկանները նման բան չեն արել:
Տիգրան Առաքելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը նաև հարցրել է գործով որպես տուժող անցնող Շահեն Հարությունյանի մասին, ով իր ցուցմունքում նշել է, որ նկարահանել է միջադեպը հեռախոսով, սակայն հեռախոսը կորել է:
Այս մասով Տեր-Պողոսյանն ասել է, որ ինքը, իմանալով դրա մասին, բանավոր նկատողություն է արել իր ենթակա ոստիկանին, ով փոխանակ իր ընկերներին օգնի` հեռախոսով «չգիտեմ` ինչեր էր անում»:
Տեր-Պողոսյանի խոսքով` Շահեն Հարությունյանի կորցրած հեռախոսի մեջ եղել է իր անձնական հեռախոսային քարտը, այլ ոչ ծառայողական:
Նա նաև արժանահավատ չի համարել փաստաբանի հարցում հնչած տեսակետը, թե Հարությունյանը կարող էր հեռախոսը միտումնավոր կորցնել, որպեսզի կորեին նաև ոստիկանների ապօրինություններ գործելու կադրերը:
Տիգրան Առաքելյանի գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 27-ին, ժամը 12-ին: