Մի քանի օր առաջ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը «Բիզնես լրատու» հաղորդման համար հարցազրույցի է հրավիրել տնտեսագետ, «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մովսես Արիստակեսյանին, սակայն հարցազրույցից որոշ ժամանակ անց հեռուստաընկերությունից Արիստակեսյանին զանգահարել ու հայտնել են, որ հաղորդումը եթեր չի գնալու:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը` Արիստակեսյանը:
Վերջինս նաև նշել է, որ մինչ հարցազրույցը սկսելը իրեն խնդրել են, որպեսզի իշխանություններին շատ չքննադատի: Արիստակեսյանի խոսքով` դա գրաքննություն է, և «իրենք պարզապես սովոր չեն քննադատական լուրեր հաղորդել»:
«Նախ` փոխել էին նաև այն հարցերը, որոնց մասին ես պետք է խոսեի, չնայած ինձ համար դժվար չեղավ պատրաստվել նաև նոր հարցերին», – ասել է Արիստակեսյանը:
Տնտեսագետը պատմել է նաև, որ երբ զրույցի ժամանակ իրեն ասել են, որ իշխանությունները գործ են անում, որպեսզի ստվերը նվազի, ինքը պատասխանել է.
«Կենսաապահովման միջազգային չափանիշներին համարժեք առաջարկվող բյուջեն կարող է անհավանական թվալ ընդդիմախոսներին` պատճառաբանելով, որ պետական բյուջեն չունի այդ հնարավորությունները: Ընդդիմախոսներին կարող ենք պատասխանել, որ այդ հնարավորությունները մեր տնտեսությունը ներկա վիճակում էլ ունի: Բավական է նայել մեր միլիարդատերերի ու միլիոնատերերի կուտակած հարստությանը, երկրում կառուցված բազմաթիվ բնակելի էլիտար շենքերին, դղյակներին ու առանձնատներին, հանրապետությունում շրջող բարձր կարգի բյուրավոր ավտոմեքենաներին, նորահայտ հարուստների ու նրանց ընտանիքի անդամների կենցաղին, հետևություններ անելը արդեն կլինի բավական հեշտ: Պարզապես պետք է կոռուպցիա ծնող պատճառները վերացնել»:
Արիստակեսյանի խոսքով` նմանատիպ խնդիր մինչ այդ էլ է եղել: Երկու ամիս առաջ «ԱրմՆյուզին» տված հարցազրույցում ինքը քննադատել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը: Այդ հարցազրուցը, Արսիտակեսյանի խոսքով, 8 անգամ եթեր գնալու փոխարեն ընդամենը երկու անգամ է գնացել:
«Հավանաբար, սկզբում ուշադիր չեն եղել, որ քննադատել եմ, հետո տեսնելով այն` հանել են», – ասել է Արիստակեսյանը: