ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը բազմիցս տեսել է, թե ինչպես են պատգամավորներն ԱԺ-ում քվեարկում մեկը մյուսի փոխարեն: Այս մասին նա ասել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ԱԺ հերթական նիստում պատգամավորներ Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի կողմից ԱԺ կանոնակարգի խախտում թույլ տալու` բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու մասին գրությունն ուղարկվել էր ՀՔԾ, որն էլ, իր հերթին, գրությամբ դիմել էր ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Արդյունքում` ուրիշի փոխարեն քվեարկողերը որևէ տույժի չենթարկվեցին:
«Բոլոր խմբակցություններում էլ դեպքից դեպք լինում է: Դա է պատճառը, որ օրենքում տրված են այդ խախտումները հաղթահարելու բոլոր սցենարները», – ասել է Սահակյանը:
«Մամուլով էլ գնում է, թե ԱԺ նախագահը չպատժեց և այլն և այլն: ԱԺ նախագահը նման լիազորություններ չունի և քվեարկությունն էլ օրենքով ֆիքսված է որպես խախտում, այլ ոչ կեղծ քվեարկություն: Օրենքի ամբողջ տրամաբանությունն էլ նա է, որ նման դեպքերում ինքը, ԱԺ-ն պիտի հաղթահարի, ու պիտի խնդրեմ, որ նայեք կանոնակարգի 56 և 61 հոդվածները», – ասել է պատգամավորը: