Բրազիլական Սան Պաուլո քաղաքում անցկացվող ավանդական կարնավալն այս տարի անկարգություններով և ծեծկռտուքով է ավարտվել: Կարնավալի եզրափակիչ հանդիսավոր արարողության ժամանակ, երբ պետք է հայտարարվեր հաղթողի անունը, մի մարդ բարձրացել է բեմահարթակ, մրցավարների սեղանից խլել է քվեարկությունների արդյունքներով ծրարները և պատռել դրանք:
Տղամարդու այս արարքից հետո հանդիսատեսը ծեծկռտուք է սարքել: Մարդիկ սկսել են շրջել սեղանները, ավերել են կարնավալի մասնակիցների բեմահարթակները: Իսկ սամբայի դպրոցներից մեկի` Perola Negra-ին պատկանող հարթակը հրդեհվել է: Կես ժամվա ընթացքում անկարգությունները ճնշվել են ոստիկանության կողմից: Ծեծկռտուք հրահրած տղամարդը ձերբակալվել է, նրա հետ ևս 4 անձինք:
Sky News-ի փոխանցմամբ` սամբայի մեկ այլ դպրոցի` Imperio de Casa Verde-ի անդամի այս գործողություններն ընդամենը խթան էին անկարգությունների բռնկման համար: Գնահատականների ընթերցման ժամանակ հանդիսատեսը ակնհայտորեն դժգոհ էր մրցավարների որոշումներից` գնահատականներն անարդար համարելով: Արդյունքների մի մասի ընթերցումից հետո Imperio de Casa Verde-ն դուրս էր մնացել հավանական հաղթողների ցուցակից:
Տեղի ունեցած միջադեպի պատճառով, կարնավալի հաղթողն այդպես էլ անհայտ է մնացել: