Այսօր «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է անցկացրել` պահանջելով ապահովել բանակային գործերով դատալսումների թափանցիկությունը: Ակցիայի մասնակցինցները հավաքվել են կառավարության շենքի մոտ և երթով շարժվել դեպի նախագահական նստավայր:
Նստավայրի դիմացի մայթին` Սիրահարների այգու մոտ, Ակցիայի մասնակիցներին մոտեցել են ոստիկաններ և հարցրել` արդյոք որևէ փաստաթուղթ ուզում են փոխանցել նախագահին: Ի պատասխան` սպանված զինվորների մայրերն ասել են, թե նախագահը դեռ չի պատասխանել հունվարի 19-ին իրեն ուղղված Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի նամակին, թեև պատասխանը նախագահականից խոստացել էին տալ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում:
Մինչ ակտիվիստները զրուցում էին ոստիկանների հետ, անմիջապես նախագահականի դիմաց միջադեպ է գրանցվել: Ոստիկանները նախագահականի դարպասներից փորձել են հեռացնել զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մորը` Նանա Մուրադյանին:
Նանա Մուրադյանը հավասարակշռությունից դուրս է եկել այն բանից հետո, երբ ոստիկաններից մեկն իրեն հրել է և ձեռիքց խլել որդու լուսանկարը, ճմռթել այն ու գետնին շպրտել։ Մոտ 10 ոստիկանների և Նանա Մուրադյանի միջև ընդհարումը հարթելու նպատակով ակցիայի մասնակիցները փորձել են անցնել փողոցը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել` հորդորելով չխանգարել երթևեկությունը:
«Ես կհանդուրժեմ դեռ, որ ինձ խփեն, բայց որ իմ որդու նկարը ճմռթեն, դա չեմ ների: Վովա Գասպարյանին եմ դիմում` պետք է այդ ոստիկանին հեռացնեն գործից: Իմ երեխուն սպանել են, հիմա էլ ուզում են ինձ սպանել»,- վրդովված ասել է Նանա Մուրադյանը:
«Ինչո՞ւ այս ակցիային չեն մասնակցում զինակոչիկների ծնողները: Մինչև չհասկանան, որ սա նաև իրենց է վերաբերվում: Մենք պայքարում ենք, որ սպանությունները նորից չկրկնվեն, մեր երեխաներին այլևս հետ չենք բերի»,- ասել է բանակում զոհված Արայիկ Ավետիսյանի մայր Անահիտ Մկրտչյանը: