Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով «Կոմերսանտ FM»-ի կողմից անցկացված հարցման արդյունքները, համաձայն որոնց 93%-ը չի հավատում, որ ինքը ինքնուրույն քաղաքական գործիչ է, մահամերձ հայի մասին անեկդոտ է պատմել:
«Բացատրում եմ: Ռուսաստանում իշխանության բաժանում տեղի չի ունեցել, մեզ մոտ գործադիր մարմինը` նախագահը և նախարարները, օրենսդիրը, դատական մարմինն ու մամուլը, ամեն ինչ Կրեմլյան բռունցքի մեջ է: Այդ իսկ պատճառով, այն ամենը, ինչ պտտվում է կրեմլյան բռունցքի շուրջ, բոլորն ընկալում են որպես Կրեմլի ծնունդ, իսկ նրանք, ովքեր ինքնուրույն են, հենց նրանք էլ կանգնած են Բոլոտնայա և Տրիումֆալնայա (ռուսաստանյան ընդդիմության հանրահավաքների անցկացման վայրերը) հրապարակներում: Պարզապես Լիբերալ դեմոկրատներից առաջ կան նաև կոմունիստները:
Կրեմլը պայքարում է կոմունիստների դեմ, այդ իսկ պատճառով մեզ հերթ չի հասնում: Գիտե՞ք հրեայի մասին անեկդոտը: Հայը մահամերձ է և տղաներին ասում է. «Հրեաներին փայփայեք»: Նրանք ասում են. «Ինչո՞ւ, հայրիկ»: «Որովհետև նրանց կոչնչացնեն, մեզ կանցնեն»: Ես էլ եմ այդպես ասում. կոմունիստները դեռ կան, Զյուգանովը, նրան կվերացնեն, կսկսեն ինձնով զբաղվել: Իսկ հիմա կոմունիստները դեռ սպառնալիք են Կրեմլի համար, դրանից էլ եզրակացնում են. օ~, Ժիրինովսկի, ամեն ինչ հանգիստ է, նրան ձեռք չեն տալիս, նրա համար լավ է»:
Հարցազրույցի եզրափակիչ մասում նա կոչ է արել մարտին կայանալիք ընտրություններում քվեարկել իր օգտին, քանի որ հակառակ դեպքում «փախստականները կգրավեն Ռուսաստանը»: «Ռուսաստանում երբեք երջանկություն չի լինի: Ռուսաստանին նոր Պետրոս առաջին է անհրաժեշտ: Ո՞վ կարող է նրա նման լինել: Միայն ես: Մյուսները թույլ են, վախկոտ, կամազուրկ, այդ իսկ պատճառով, մարտի 4-ին բոլորդ մեկ շարքով ընտրատեղամաս: Դուք 107 միլիոն եք, և 35 միլիոնը պետք է ինձ ընտրի: Այդ ժամանակ կգա մարտի 5-ը` մշտական գարունը: Եթե ուրիշի օգտին քվեարկեք, մարտի 5-ը ոչ թե գարուն կլինի, այլ աշուն, ցեխ և ժամանակից շուտ ամեն ինչն կմեռնի, և փախստականները կգրավեն ռուսաստանը»,-եզրափակել է Ժիրինովսկին: