Փետրվարի 23-ին, ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում ծառայողական պարտականությունները կատարելիս Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարի արձակած գնդակից գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել և զոհվել ՀՀ Զինված ուժերի 20-ամյա ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Այս մասին հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը:
«Ադրբեջանի Զինված ուժերի դիպուկահարների սադրանքը, որի հետևանքով փետրվարի 23-ին զոհվել է ՀՀ Զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը, ստանալու է իր պատասխանը, և Ադրբեջանի Զինված ուժերի հրամանատարական կազմը ստիպված է լինելու պատասխանատվություն ստանձնել իր իսկ գործողությունների համար», – դեպքը մեկնաբանելով` հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: