Ստամբուլի դատարանը երեկ ներկայացրել է 2007 թվականին սպանված թուրքահայ լրագրող Հրանտի Դինքի գործով մանրամասն վճիռը, ըստ որի ոչ մի վկայություն չկա, որը կարող էր մատնանշել այս հանցագործության հետևում կանգնած որևէ կոնկրետ կազմակերպության վրա: Այս մասին տեղեկացնում է Hurriyet-ը:
«Եթե (հանցագործության հետևում) իսկապես (ահաբեկչական) կազմակերպություն գոյություն ունի, ապա պարզ չէ, թե երբ և ինչ նպատակով է այն ստեղծվել: Պարզ չէ, թե ինչպիսի սկզբունքների և հանցագործությունների հիման վրա են կազմակերպության հիմնադիրները միավորել իրենց ընդհանուր նպատակները: Եթե կա ինչ-որ կառույց, որի գոյությունը շարունակական է, ապա որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչպիսի գործողություններ են նրանք իրականացրել մինչ 2007 թվականի հունվարի 19-ը (Հրանտ Դինքի սպանության օրը)», – ասված է դատարանի 216 էջանոց վճռի մեջ:
Համաձայն դատական մարմինների, միայն մեկ փաստ է հստակ` այսքան քաղաքական հետևանքների բերած հանցագործությունը իրագործվել է կասկածյալների կողմից առանց որևէ կազմակերպության աջակցության:
Թեև վճռում նշվում է, որ անտրամաբանական է այն, որ հանցագործությունը ծրագրված էր անչափահասների կողմից` առանց իրենց մեջքի հետևում որևէ կազմակերպության, սակայն նրանք ովքեր ծրագրել են սպանությունը որևէ ապացույց չեն թողել, որը կարող էր հաստատել կամ դե ֆակտո, կամ դե յուրե իրենց կապը որևէ կազմակերպության հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Ստամբուլի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 2007 թվականին սպանված «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Հրանտ Դինքի գործով գլխավոր մեղադրյալ Յասին Հայալին, ով անմիջականորեն պատվիրել էր սպանությունը 23 տարվա ազատազրկման դատապարտված Օգյուն Սամասթին, մինչդեռ մյուս մեղադրյալը` Էրհան Թունչելը, արդարացվել էր սպանության մասով, սակայն մեղավոր ճանաչվել մեկ այլ գործով և դատապարտվել 10 տարվա ազատազրկման: Գործով անցնող ևս 19 մեղադրյալներ արդարացվել էին: Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ գոյություն ունեն բազմաթիվ ապացույցներ, համաձայն որի սպանությունը նախապես նախանշված է եղել ազգայնական մի շարք կազմակերպությունների կողմից, իսկ պետական իրավապահ մարմինները իմացել, բայց ոչինչ չեն արել հանցագործությունը կանխելու համար: