Կահիրեում անհայտ անձինք հարձակում են գործել Եգիպտոսի նախագահի թեկնածուներից մեկի` իսլամիստ Աբդել Մոնեիմ Աբդուլա Ֆաթուհի վրա: Agence France-Presse-ի փոխանցմամբ` զինված հանցագործները առևանգել են Ֆաթուհի մեքենան: Ինքը` թեկնածուն, հարձակման հետևանքով ուղեղի ցնցում է ստացել: Տուժել է նաև քաղաքական գործչի վարորդը:
Ըստ Reuters-ի տեղեկությունների` Ֆաթուհի մեքենան կանգնեցրել են երեք զինված տղամարդիկ` դիմակներով և հրացաններով: Նրանք մի քանի անգամ հարվածել են քաղաքական գործչի գլխին, որից հետո անհետացել նրա իսկ մեքենայով:
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նախկինում «Մահմեդական եղբայրներ» կուսակցության անդամ հանդիսացող 60-ամյա Ֆաթուհը համարվում է Եգիպտոսի նախագահի պաշտոնին հավակնող հիմնական թեկնածուներից մեկը: Ընտրությունները կայանալու են 2012-ի հունիսին, իսկ թեկնածուների պաշտոնական գրանցումը կսկսվի մարտի 10-ին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում հրաժարական տվեց Եգիպտոսը 40 տարի ղեկավարած Հոսնի Մուբարաքը: