Հռոմի Պապ Բենեդիկտոս 16-րդ-ն առաջիկայում իր միկրոբլոգը կբացի Twitter-ում, որի շնորհիվ հավատացյալ ժողովուրդը կկարդա հատվածներ նրա քարոզներից և կիրակնօրյա ուղերձներից, հայտնում է Վատիկանի ռադիոն:
Արդեն իսկ աշխատանքներ են տարվում բազմաթիվ քարոզները 140 նշանի (Twitter-ը թույլ չի տալի 140 նիշից ավել ծավալ ունեցող հաղորդագրություն թողնել) վերածելու ուղղությամբ: Մեծ Պահքի շրջանի յուրաքանչյուր օրը Պապի քարոզներով է ուղեկցվելու:
Վատիկանում նշում են, որ հետագայում էլ շարունակելու են օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները եկեղեցական բնույթի տեղեկություններ փոխանցելու և հավատացյալների հետ հաղորդակցվելու համար: Միաժամանակ, ընդգծվում է, որ նման հաղորդակցության հիմնական թիրախային խմբում են մինչև 30 տարեկան երիտասարդները, որոնք համացանցային ռեսուրսների ամենաակտիվ օգտատերերն են:
Ներկայումս, ինչպես նշում են Վատիկանի ներկայացուցիչները, ամեն օր հազարավոր մարդիկ այցելում են հատուկ իրենց համար ստեղծված pope2you.net կայքը: