Home / Հայաստան / Վրաստանցիները Ֆլեշմոբ են անցկացրել Մեդվեդևի ֆեյսբուքյան էջում

Վրաստանցիները Ֆլեշմոբ են անցկացրել Մեդվեդևի ֆեյսբուքյան էջում

Վրաստանի ինտերնետ-օգտատերերի մի խումբ փետրվարի 23-ին ֆլեշմոբ է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Facebook-ի էջում: Այս մասին իր օրագրում գրել է վրաստանցի բլոգեր cyxymu-ն:

Ըստ նրա` մոտ 200 օգտատերեր մեկնաբանություններ են թողել Մեդվեդևի էջում, որոնցում պահանջել են Աբխազիայի և Հարավային Օսիայի  տարածքներից «դուրս բերել Ռուսաստանի օկուպացիոն զորքերը»: Իրենց ակցիան բլոգերները նվիրել են 1921 թվականի փետրվարի 25-ին Կարմիր բանակի  կողմից Վրաստանի մենշևիկների կառավարությանը պարտության մատնելու օրվան: Ակցիայի մասնակիցները այս իրադարձությունները «խորհրդային օկուպացիա» են անվանել:

cyxymu-ն նշել է, որ ֆլեշմոբի մեկնարկից որոշ ժամանակ անց Մեդվեդևի էջը անհասանելի է դարձել Վրաստանի օգտատերերի համար, իսկ նրանց մեկնաբանությունները  ջնջվել են: Ավելի ուշ բլոգերը հաղորդել է, որ ռուսաստանյան նախագահի պրոֆիլը կրկին հասանելի է Վրաստանում: