Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվել է ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատաքննությունը: Հաջորդ նիստերին ներկայացվելու են մեղադրական ու պաշտպանական ճառերը և վճիռը:
Մինչ այսօրվա դատական նիստի մեկնարկը Մարգար Օհանյանը հասցրել է զրուցել լրագրողների հետ: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է, որ մյուս երեք մեղադրյալների նկատմամբ ճնշումներ են եղել: Օհանյանի խոսքով` Ստեփան Կարախանյանը, ով տառապում է շաքարախտով, մինչ ցուցմունք տալը գտնվում էր հիվանդանոցում, իսկ նրա կողքի հիվանդասենյակում մշտապես հսկել են իրավապահ մարմինների աշխատակիցները. հենց այդ ճնշման տակ էլ նա ցուցմունքներ է տվել իր դեմ:
«Ես ոչ մի բան այստեղ սուտ չեմ ասել, և խոսքերս լրիվ իրականությանը համապատասխանում են: Դեռ Լևոնյան Արայիկի մասին էլ չեմ ասում, թե նրա նկատմամբ ինչ ճնշումներ են գործադրվել, թող իրենք ասեն: Եթե իրենք չեն ասում, ես չեմ պատրաստվում իրենց պաշտպանել, թող իրենք իրենց պաշտպանեն, փոխգնդապետ, գնդապետ 50-անց մարդիկ են: Ես ասել եմ այն, ինչ եղել է», – ասել է Մարգար Օհանյանը:
Հիշեցնենք, որ Օհանյանը, ինչպես նաև ՃՈ աշխատակիցներ Սմբատ Կարախանյանը, Արա Լևոնյանը և Սամվել Մախմուրյանը մեղադրվում են առավել խոշոր չափերով բենզինի յուրացման մեջ:
Նշենք նաև, որ ըստ էության տվյալ գործով Մարգար Օհանյանի դեմ ցուցմունք են տվել երեք մեղադրյալները և որպես վկա հարցաքննված ճանապարհային ոստիկանության գումարտակներից մեկի հրամանատար Արսեն Արշակյանը:
Այսօրվա նիստի ժամանակ հետազոտվել են գործում առկա ապացույցները: Դրանք գործով ացնող չորս մեղադրյալների և վկա Արսեն Արշակյանի առերեսումներն են և ՃՈ-ից առգրավված փաստաղթղեր` կապված բենզինի կտրոնների հետ, հաշվետվություններ և այլ փաստաթղթղեր:
Առերեսումների ժամանակ Լևոնյանը, Կարախանյանը, Մախմուրյանը և Արշակյանը պնդել են, որ Մարգար Օհանյանի ցուցումով է առաջին և երկրորդ սպայական գումարտակներին նախատեսվածից քիչ բենզին է հատկացվել, և երբ իրենք նրա հետ խոսել են այդ մասին, Օհանայնն ասել է` այդպես է պետք, որից հետո իրենք այլևս չեն առարկել: Մարգար Օհանյանն առերեսումների ժամանակ հերքել է մեղադրյալների պատմածը` նշելով, որ իրեն որևէ մեկը երբևէ այդ խնդրով չի դիմել, իսկ բենզինի բաշխման հարցերով զբաղվել է տնտեսկան բաժինը, որը ղեկավարել է Արա Լևոնյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի մեկին, ժամը 11.30-ին, որի ժամանակ մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանը: