«ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը «Բիզնես լրատու» հաղորդման շրջանակներում «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության և ՀԱԿ անդամ Մովսես Արիստակեսյանի հարցազրույցը եթեր չի հեռարձակել ձայնային խոտանի պատճառով, և ոչ մի այլ պատճառ չկա: Այս մասին Epress.am-ին հայտնել են «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունում:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Epress.am-ի հետ զրույցում Արիստակեսյանն ասել էր, որ նկարահանված հաղորդումը եթեր չի հեռարձակվել, քանի որ ինքը քննադատել է իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը: Արիստակեսյանի խոսքով` դեռևս հաղորդումից առաջ իրեն խնդրել էին իշխանություններին չքննադատել:
Արիստակեսյանի խոսքով` նմանատիպ խնդիր մինչ այդ էլ է եղել: Երկու ամիս առաջ «ԱրմՆյուզին» տված հարցազրույցում ինքը քննադատել էր ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունը: Այդ հարցազրուցը, Արսիտակեսյանի խոսքով, 8 անգամ եթեր գնալու փոխարեն ընդամենը երկու անգամ է գնացել:
«Հավանաբար, սկզբում ուշադիր չեն եղել, որ քննադատել եմ, հետո տեսնելով այն` հանել են», – ասել էր Արիստակեսյանը: