Երգչուհի էմմա Պետրոսյանը Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը համարում է անհեթեթություն: Epress.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնել է, որ իր դիրքորոշումը` դեմ լինել Ադրբեջանում «Եվրատեսիլ» երգի մրցույթին, մասնակցելուն պայմանավորված չէ երկու օր առաջ Տավուշում ադրբեջանցի դիպուկահարի գնդակից հայ զինվորի սպանության դեպքի հետ:
«Ես դեմ եմ եղել դեռևս անցյալ տարվանից, երբ մրցույթում հաղթեցին Ադրբեջանի ներկայացուցիչները և հայտնի դարձավ, որ հաջորդ տարի «Եվրատեսլիլը» տեղի է ունենալու Բաքվում»,- ասել է Էմմա Պետրոսյանը:
Այս որոշման համար երգչուհին ունի երկու պատճառ` նախ «Եվրատեսլիլը» հեղինակավոր մրցույթի չէ, և պետք չէ դրան չմասնակցելուն հիվանդագին մոտենալ: Երկրորդ` այս տարի մրցույթն անցկացվում է «մեզ թշնամի երկրում»:
«Մենք գերիներ ունենք այդ երկրում, զինվորներ են սպանվում շփման գծի վրա: Գոռը (նկատի ունի «Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանին – Epress.am) շատ տաղանդավոր երիտասարդ է, ես ցանկանում են նրան ավելի լավ մրցույթներ, բայց կա նաև անվտանգության հարց: Ես չեմ ասում` բոլոր ադրբեջանցիները մեզ թշնամի են, բայց ընդհանուր առմամբ մթնոլորտը թույլ չի տալիս վստահ լինել» ,- ասել է Էմմա Պետրոսյանը:
Երգչուհին հորդորդել է նաև «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայությունը չհամարել ազգային պատվախնդրության դրևսորում:
«Ասում են` մեր դրոշը բարձրացնենք, գիտե՞ք, հազար ու մի այլ տեղ կա, որ մենք պետք է դրոշ բարձրացնենք, դասական երգի մրցույթներում, երգի շատ այլ մրցույթներում, շախմատի, գիտության ասպարեզում, պետք չէ` Եվրատեսիլը այդքան աղմկահարույց լինի: Թող եկող տարի մասնակցեն»,- ասել է Էմմա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի մի խումբ երգիչներ հայտարարություն էին տարածել, որով կոչ են անում Հանրային հեռուստաընկերությանը բոյկոտել Բաքվում կայանալիք երգի մրցույթը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայ-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի դիպուկահարի գնդակից սպանվել էր 20-ամյա Ալբերտ Ադիբեկյանը:
Միևնույն ժամանակ, «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանը երեկ Epress.am-ի հետ զրույցում խոսելով մրցույթին չմասնակցելու հիմնավորման մասին, տխուր է համարել այն փաստը, որ զինվորի մահը կապվել է «Եվրատեսիլի» հետ և ավելի մեծ աղմուկ բարձրացրել, քան շատ այլ զինվորների մահերը:
«Մենք հիմա չէ, վաղուց պետք է մտածեինք` որն է բանակում մահերի պատճառը` ով է մեղավոր, որ զինվորները սպանվում են: Իհարկե, ասում են` ադրբեջանցիները, բայց չեմ կարծում, որ մեր բանակում ներքին խնդիրներ չունենք»,- ասել էր Dorians-ի պրոդյուսերը:
Լուսանկարը` youth.am