Միշել Հազանավիչուսի «Արտիստ» կինոնկարը քիչ առաջ ավարտված Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ է ճանաչվել:
Մրցանակաբաշխությունից օրեր առաջ կինոյի քննադատները չէին կասկածում, որ լավագույնը ճանաչվելու է հենց այդ ֆիլմը: Բացարձակ ֆավորիտի վրա խաղադրույքներ չէին ընդունում անգամ միջազգային բուքմեյքերական ընկերությունները կամ սահմանում էին չափազանց ցածր 1,1 գործակիցը:
«Արտիստը» դարձավ առաջին համր ֆիլմը 1929 թվականից ի վեր, որը ներկայացվել է «լավագույն ֆիլմ» անվանակարգում: Բացի դա, այն պատմության մեջ այս անվանակարգում հաղթած առաջին ֆրանսիական ֆիլմն է:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի է արժանացել Միշել Հազանավիչուսը:
Ֆիլմի գլխավոր հերոս Ժորժ Վալենտենի դերակատար Ժան Դյուժարդենը «Օսկար» է ստացել «լավագույն դերասան» անվանակարգում:
«Լավագույն դերասանուի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մերիլ Սթրիփը` «Երկաթե լեդին» ֆիլմում Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերի դերը մարմնավորելու համար: