Ադրբեջանի իսլամիստական կուսակցության տվյալներով` վերջին շաբաթների ընթացքում ձերբակալված հավատացյալների թիվը հասել է 40-ի: Ինչպես Turan գործակալությանը հայտնել է կուսակցության փոխնախագահ Աքիֆ Հեյդարլին, նրանք մեղադրվում են պետական դավաճանության, թմրանյութերի և զենքի ապօրինի պահման մեջ:
Իսլամիստական կուսակցությունն այս մեղադրանքները չհիմնավորված է համարում: Ձերբակալվածների պաշտպանությունը թույլ է ապահովված, իսկ որոշ մեղադրյալներ ընդհանրապես հետաքրքրված չեն դրանում:
Ազգային անվտանգության նախարարությունը չի մեկնաբանում ձերբակալությունները չնայած հավատացյալների` պետական դավաճանության մեջ մեղադրվելու փաստին:
Ձերբակալվածների մեծ մասը Նարդարան ավանի բնակիչներ են: Վերջին երկու շաբաթում այստեղ 12 մարդ է ձերբակալվել:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին Նարդարանում հոգևորականների և հավատացյալների զանգվածային ձերբակալություններ էին տեղի ունեցել:
Նարդարանցիները պահպանողական, կրոնական հայացքներ ունեն, արհամարհում են աշխարհիկ իշխանությունների կողմից ընդունված օրենքները:
Նրանք պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում, որոնցից վերջինը կրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ էր: Նրանց ակցիաները սովորաբար վերածվում են ոստիկանության հետ արյունոտ բախումների և ավարտվում ձերբակալություններով: