Home / Հայաստան / Ասադի դեմ ստեղծված նոր կազմակերպությունը միավորել է փաստաբաններին և քաղբանտարկյալներին

Ասադի դեմ ստեղծված նոր կազմակերպությունը միավորել է փաստաբաններին և քաղբանտարկյալներին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարող Ազգային խորհրդի առնվազն 20 անդամներ նոր կազմակերպություն են ստեղծել, հայտնում է Reuters գործակալությունը:

Խումբը ղեկավարում է փաստաբան Խայթամ ալ-Մալեխը, ով 1970-ականներից սկսած դեմ է Ասադների ընտանիքին: Նրան են միացել նաև նախկին քաղբանտարկյալ Քամալ ալ Լաբվանին, իրավապաշտպան Քեթրին ալ Թալիլը, և մի շարք քաղաքական գործիչներ:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի հետ զրույցում Քամալ ալ Լաբվանին պարզաբանել է իրենց քայլը: Ըստ նրա` սիրիացի «հայրենասերների» խմբի մասնակիցները շարունակելու են աշխատել Սիրիական ազգային խորհրդում, «սակայն իրենց մեթոդներն այլ կլինեն»: Նրանք պատրաստվում են բացեիբաց սատարել Սիրիայի ազգային բանակին, որը զինված պայքար է տանում Ասադի ռեժիմի դեմ: Սիրիական ազգային խորհդրի կողմից մինչ այժմ իրականացված գործողությունները «հայրենասերները» անօգուտ են համարում, քանի որ խորհուրդը շատ թույլ կապ է ունեցել զինված ապստամբների հետ:

Սիրիայի ազգային խորհուրդը ստեղծվել է 2011 թվականի օգոստոսին: Կազմակերպության մասնակիցների թվում են ընդդիմության 270 ականավոր գործիչներ: Կազմակերպության ղեկավարն է պրոֆեսոր Բուրխան Գալիունը:

Ասադի ռեժիմի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև բախումները սկսվել են 2011 թվականի մարտին: Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 6000 մարդ: