Մարտի մեկից Հայ ազգային կոնգրեսը նոր քաղաքական գործընթաց է նախաձեռնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նրա խոսքով` մարտի 1-ի` Կոնգրեսի այս տարվա առաջին համապետական հանրահավաքը ոչ միայն կարևոր է, որովհետև այն 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 մարդկանց հիշատակի հավաք է լինելու, այլև այն պատճառով, որ հանրահավաքը ունենալու է կարևոր քաղաքական նշանակություն. այդ օրը ՀԱԿ-ը հայտնելու է առաջիկա երկու ամիսների իր գործողությունների ծրագիրը:
Մուսինյանը նկատել է, որ գալիք խորհրդարանական ընտրությունները խիստ կենսական նշանակություն են ունենալու և որոշելու են երկրի զարգացման ընթացքը:
«Կամ երկիրը պատանդ է մնալու բանդիտական այս վարչախմբին, կամ ճակատամարտելու ենք նրանց դեմ և հաղթելու ենք», – ասել է Մուսինյանը:
Բանախոսը չի ցանկացել բացահայտել ՀԱԿ-ի մարտավարության մանրամասները: Նա միայն ասել է, որ ՀԱԿ-ը հնարավորինս մոբիլիզացնելու է հասարակությանը, ինչպես կեղծիքները կանխելու, այնպես էլ այդ կեղծքիների դեմ բողոքի ձայն բարձրացնելու համար:
Ըստ Մուսինյանի` ՀԱԿ-ն այսօր Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող քաղաքական ուժն է: Բանախոսի դիտարկմամբ` վերջերս Հրազդանի ընտրություններում գրանցած ցուցանիշը` բոլոր հայտնի ճնշումների պայմաններում, կարելի է պրոյեկտել ամբողջ հանրապետության վրա: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններին Կոնգրեսի թեկնածու Սասուն Միքայելյանը հավաքել էր ձայների 46 տոկոսը:
Այն հարցին, թե հնարավոր համարում է ՀԱԿ-ի համագործակցությունը ԲՀԿ-ի հետ` Արման Մուսինյանը պատասխանել է. «Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մոտակա ամիսներին ցույց տա, որ շահագրգռված է ազատ ընտրություններով, և հասարարական դիմադրություն ցույց տա կեղծիքների դեմ, ապա պարզ կդառնա, որ ապօրինությունների հիմնական իրագործողը ՀՀԿ-ն է»:
Այն հարցին, թե խորհրդատանում շատ մանդատներ չունենալու դեպքում` ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, կմասնակցի՞ ԱԺ աշխատանքներին , թե կբոյկոտի դրանք` Մուսինյանը պատասխանել է, որ ՀԱԿ-ի դիրքորշումը ընտրություններից հետո պայմանավորված է լինելու ոչ թե իր ունեցած մանդատների թվով, այլ ընտրությունների որակով:
«Արդար ընտրությունների համար մեկ խոչընդոտ կա. դա Սերժ Սարգսյանի` իշխանության գլուխ լինելն է և նրա ղեկավարած ՀՀԿ-ն: Եթե լինեն արդար ընտրություններ, մենք կշնորհավորենք, նույնիսկ եթե մեկ պատգամավոր ունենանք ԱԺ-ում: Սակայն ցանկացած բանական մարդ հասկանում է, որ եթե լինեն ազատ, անկախ ընտրություններ, իշխանության հետքն էլ չի մնա »,- ասել է Մուսինյանը: