Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար հանրապետական Ազատ Ղուկասյանը միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում: Ինչպես գրում է hetq.am լրատվական կայքը, չորս օր առաջ 8-րդ դասարանցիների միացյալ դասին նա երկու դասարանի աշակերտներին տարել է մարզադահլիճ և պատվիրել «խելոք խաղալ»: Իսկ 14-ամյա Կարինեին (անունը փոխված է) նա հանձնարարել է հետևել իրեն:
«Դա առաջին դեպքը չէ. մի 3 շաբաթ է՝ այդպես է, ամեն ֆիզկուլտուրայի ժամին կանչել է Կարինեին և տարել: Երեխաները կասկածել են… Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնում է ու բանալու անցքով նայում»,- «Հետքի» հետ զրույցում պատմել է Կարինեի հորեղբայրը՝ Գագիկը:
Կարինեի հետ կատարվածը տեսնելով՝ աղջիկը վազել և օգնության է կանչել ուսուցիչներին: Սկզբում «օգնության» է հասել Ալվարդ Սահակյանը, հետո՝ Նելլի Գալստյանը, սակայն երկուսն էլ վախեցել են դուռը բացել և գյուղապետ-ուսուցչի արածը «բացահայտ» տեսնել:
Արդեն երրորդ ուսուցիչը՝ դպրոցում պատմություն դասավանդող Հովհաննես Բաղդասարյանը, «դեպքի վայրին» մոտենալ ընդհանրապես հրաժարվել է:
«Ասում է՝ ես Ազատի հետ չունեմ, հետը կռված եմ, չեմ էլ ուզում երեսը տեսնեմ,- պատմել է Գագիկը,- Երեխաները նորից դասի չեն մտել: Տեսնելով Կարինեի վիճակը՝ դուրս են եկել դպրոցի հայաթ ու կանչել՝ ար-դա-րու-թյուն, ար-դա-րու-թյուն: Մոտ 30 երեխա, ամբողջ գյուղում ձայնը զրնգացել է»:
Գագիկը մանրամասնել է, որ գյուղապետը երեխային բռնաբարել է: Դեպքից հետո աղջիկը կարմրած է եղել, քայլել է օրորվելով: Նա մինչև հիմա շատ վախեցած է. «Ով մոտենում է, ասում է՝ Ազատը եկավ, սպանելու է ինձ, Ազատը եկավ, սպանելու է ինձ: Մենակ էդ 2 բառն է ասում: Որ (Ազատը) ասել է՝ եթե ասես, սպանելու եմ, իմանում է, թե Ազատն է դուռը բացում-փակում»:
Գագիկի խոսքով՝ թե ստույգ ինչ է կատարվել, իրենք իմացել են դեպքի հաջորդ օրը:
«Գնացի, որ դպրոցի տնօրենին՝ Սիրուն Մկրտչյանին տեսնեմ, ասացին՝ գնացել է Գորիս: Մոտեցա ուսմասվարին՝ Ալվարդ Հայրապետյանին՝ Դուք գիտե՞ք, թե դպրոցում ինչ է կատարվում, հեսա սուտկեն լրացել է, բայց մեզ չեք ասել,- պատմել է Գագիկը,- Դասատուներն ասում են՝ մենք շուտ ենք իմացել, մտածել ենք՝ թող անցնի գնա… Դե, գյուղապետ է մի պատառ կոշտ ու կոպիտ ա անում, ասում են՝ զահլա չունենք, վախենում են»:
Ըստ Գագիկի՝ գյուղապետ Ազատ Ղուկասյանին կանչել են տուն, որպեսզի անձամբ լսի, թե Կարինեն ինչ է պատմում: Սակայն գյուղապետը տուն մտնելուն պես սկսել է երեխային հրել և ասել՝ «ես քեզ կանչել էի իմ կաբինետ փարոսի համար, որ տեսնեմ՝ փարոս ստանո՞ւմ եք, թե՞ չէ»:
«Մենք իրան տնից հանեցինք, ասացինք՝ էսքանից հետո հլը բրդո՞ւմ ես: Զանգեցինք ոստիկանություն, մինչև 1 ժամը եկան, Կարինեին տարան, ուսուցիչների հետեւից գնացող աշակերտին էլ տարան ու պատմության դասատու Հովիկ Բաղդասարյանին»,- պատմել է Գագիկը:
Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» միայն հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հատկանիշներով: Այլ հարցի ոստիկանությունը չի պատասխանում՝ «նախաքննության շահերից ելնելով»:
«Ինքը՝ գյուղապետը, երկու օր գնաց ստից պառկեց հիվանդանոցում, հիմա էլ փախել ա Երևան: Իրան չեն բռնել»,- ասել է Գագիկը:
Կայքի տեղեկություններով՝ առաջին անգամը չէ, որ 1962 թ. ծնված Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր և, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: