Կանադայում Նիագարա-Տորոնտո երթուղիով ընթացող գնացքը դուրս է եկել գծերից այն բանից հետո, երբ վագոններից մեկը հարվածել է ճանապարհի կողքին տեղակայված շինությանը: Առնվազն երեք մարդ է զոհվել, տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել Օնտարիո նահանգի Բերլինգթոն քաղաքում: Վագոնները կողքի են շրջվել, արդյունքում տասնյակ ուղևորներ ծուղակում են հայտնվել: Տեղ ժամանած փրկարարները կարողացել են բոլորին դուրս բերել վագոններից միայն մի քանի ժամ անց: Ներկայումս փրկարար աշխատանքները շարունակվում են:
Վիրավորների տարհանման համար շտապօգնության մեքենաներ և ուղղաթիռներ են օգտագործվել: Նախնական տեղեկությունների համաձայն, վթարի զոհ են դարձել մեքենավարների խմբի աշխատակիցները: Վթարի պատճառները դեռևս ճշտվում են:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ երկաթուղային մեկ այլ վթար էր գրանցվել Արգենտինայում: Վերջին տվյալներով Արգենտինայում աղետի հետևանքով 51 մարդ է զոհվել և տուժել են ավելի քան 600-ը: