Արարատ լեռան դիմաց՝ «Հաղթանակ» զբոսայգու հարակից ժայռաբեկորների վրա, «Նոյան Տապան» համալիրի կառուցման համար կպահանջվի առնվազն 2 տարի, իսկ ծրագրի նախնական արժեքը 20 միլիոն դոլար է, որը որևէ առնչություն չունի պետբյուջեի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Արմարե» ընկերության նախագահ Մարտուն Հարությունյանը:
«Նոյան Տապան» համալիրի նախաձեռնող ու աջակցող խմբի անդամներ ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ու գործարար, Հաղթանակ զբոսայգու տնօրեն Թորոս Ումրիկյանը վստահեցրել են, որ «Նոյան Տապանի» համալիրի կառուցման համար ընտրված վայրը ամենահարմարն է:
«Ավելի նախընտրելի կլիներ Տապանը կառուցել Արարատի վրա, սակայն մոտակա 100 տարիներին այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է, հետևաբար, երկար մտորումներից հետո եկանք այն մտքին, որ այն պետք է կառուցվի Հաղթանակ զբոսայգու տարածքում, որտեղ հրաշալի կդիտվի», – ասել է Ումրիկյանը:
Մարտուն Հարությունյանի խոսքով` «Նոյան Տապան» համալիրը հիմնականում ծառայելու է որպես պատմամշակութային և գիտակրթական օջախ, որը կունենա համամարդկային նշանակություն, կհանդիսանա ողջ մարդկության «առանց կրոնական պատկանելության աշխարհում միակ սրբավայրը, որտեղ կիշխեն խաղաղությունն ու հանդուրժողականությունը»:
««Նոյան Տապան» համալիրը նախատեսված է կառուցել ըստ Աստվածաշնչի. երկարությունը՝ 300 կանգուն`132մ, լայնությունը՝ 50 կանգուն` 22մ, բարձրությունը՝ 30 կանգուն` 13մ: Կառույցի կրող կոնստրուկցիաները լինելու են երկաթ-բետոնից, իսկ արտաքին երեսպատումը և ներքին հարդարումը՝ փայտից:
Առաջին հարկում գործելու է Նոյ Նահապետի ընտանիքի ու կենդանական աշխարհի կրկնօրինակով թանգարանը, իսկ թանգարանում, թե թանգարանից դուրս կտեղադրվեն հնադարյան ու հնաոճ իրեր, տապանի վերաբերյալ գիտական ու պատմական հավաստի տվյալներ ու պարագաներ:
Երկորդ հարկում կգործեն կոնֆերենս դահլիճը, կինոթատրոնն ու մանկական խմբակների դասասենյակները: Երրորդ հարկը տրամադրվելու է արտերկրյա հյուրերին՝ հանգստի ու գիշերելու առանձնասենյակներով, ինչպես նաև մասնաբաժիններ կհատկացվեն` աշխարհի բոլոր պետությունների ու ազգերի զինանշաններով, դրոշներով ու օրհներգերով:
Տախտակամածում նախատեսված են ընդունելությունների սրահը, դիտակետեր դեպի Արարատ լեռ, գիշերային բաց երկինք, իսկ ծայրամասերում կգործեն հնաոճ ու ժամանակակից տարբեր սրճարաններ: Համալիրի վրա գիշերները լազերային ճառագայթներով լուսարձակվելու են Մեծ և Փոքր Մասիսները», – ասել է Հարությունյանը:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով՝ «Նոյան Տապան»-ի կառուցման հարցը քննարկման փուլում է. Հանրային խորհրդի Մշակութային ենթահանձնաժողովն արդեն ընդունել է նախագիծն ու ներկա պահին այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում Քաղաքաշինության ենթահանձնաժողովում, այնուհետ նախագիծն ուղարկվելու է ՀՀ նախագահին: