Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավաբանն արձանագրել է Մաշտոցի պուրակում ոստիկանների խախտումները

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավաբանն արձանագրել է Մաշտոցի պուրակում ոստիկանների խախտումները

Իրավաբան Արթուր Գրիգորյանը արձանագրել է Մաշտոցի այգում ակտիվիստների բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության թույլ տված խախտումները:

«Մաշտոցի այգին տոնավաճառի վերածելու Երևանի քաղաքաետարանի անօրինական ծրագրի դեմ հասարակության բողոքի ձայնը ճնշվում է ոստիկանական բռնի մեթոդներով: Հասարակությունը ի սկզբանե միտված էր խնդրի իրավական ճանապարհով լուծմանը եւ այժմ էլ իր գործողություններն ունեն նույն խաղաղ բնույթը: Սակայն քաղաքապետարանն ընտրել է ապօրինի որոշումը ոստիկանական անօրինական բռնաճնշումների միջոցով կյանքի կոչելու ճանապարհը», – ասված է համապատասխան հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության` Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները իրենց գործողություններով խախտել են առնվազն հետևյալ օրենքները`

1. ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ եւ 33.2-րդ հոդվածները`

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հոդված 33.2.  Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

 2. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը`

Հոդված 5. «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

3. «Ոստիկանության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի բ), զ), թ), ժբ), ժգ) ենթակետերը`

Հոդված 10. «Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.

զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը.

թ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.

ժբ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքների վրա.

ժգ) հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին»: