Արդյո՞ք այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները կարող են տեղեկատվական պատերազմ տանել հայկականների դեմ: Այս հարցին SalamNews-ի հետ զրույցում պատասխանել է «Թուրան» ադրբեջանական լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը:
«Անկեղծ ասած, ես «պատերազմ» բառը չեմ սիրում: Ինչ-որ չափից շատ վատ է հնչում: Մենք պատերազմ չենք վարում: Կան առանձին նախաձեռնություններ, որոնք ամբողջովին պարտիզանական են: Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էլնուր Ասլանովը ասում էր, որ հաղթել են Հայաստանի հետ տեղեկատվական պատերազմում: Չգիտեմ` իրենք ինչ են հաղթել, որտեղ:
Կարող եմ ասել, որ քարոզչության տեսանկյունից հայերը շատ մեծ փորձ ունեն, նրանք ավելի կազմակերպված և ակտիվ են աշխատում: Նրանց ներկայությունը ռուսաստանյան տեղեկատվական տարածքում մեծ է: Վերցնենք, օրինակ «Ռեգնումը»: Սա երկարատև և ճիշտ մտածված քաղաքականության արդյունք է: Իսկ մեր աշխատանքն ավելի կտրտված բնույթ ունի: Մի փոքր հաջողությունը ներկայացվում է որպես մեծ հաղթանակ: Սա նման է օճառի պղպջակի: Իրականում մենք ոչինչ չենք հաղթում, և նման քաղաքականությամբ չենք էլ հաղթի: Անհաջողությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է մեր գործակալությանը, մենք պատերազմ չենք վարում, պարզապես աշխատում ենք:
Կցանկանայի ևս մեկ պահ ընդգծել: Մեր գործակալությունը 20 տարի շարունակ տեղեկատվությամբ է փոխանակվում հայկական գործընկերոջ հետ («Արմինֆո» լրատվական գործակալություն – խմբ.): Սա շատ հազվադեպ երևույթ է համաշխարհային պրակտիկայում: Մենք անգամ պատերազմի ընթացքում էինք փոխանակվում տեղեկատվությամբ: Եվ այս տեղեկատվական փոխանակման մեջ դրական տարրեր կան: Մեր մտքերը մենք պետք է ոչ թե վիրավորական արտահայտությունների, սպառնալիքների միջոցով հասցնենք նրանց, այլ փաստերով, պետք է ճիշտ խոսենք և համոզենք: Որպեսզի նրանք զենքը վայր դնեն, պետք է երկխոսություն տանենք, խոսենք, և դրանով իսկ ինչ-որ բանի հասնենք, այս իմաստով հաջողություն կա: Որովհետև գիտեմ, որ հայկական ԶԼՄ-ների շրջանում «Թուրանը» բավական ամուր դիրքեր ունի, մեզ վրա բավական շատ հղումներ են կատարում: Սա շատ կարևոր է, քանի որ մենք կարող ենք մեր խոսքը նրանց հասցնել»: