Հայ-ադրբեջանական մշակութային հարաբերությունները վերականգնելու համար պետք է «կեղծ միասնությունների» մասին խոսելու փոխարեն` երկու հասարակություններում էլ գտնել «նմաններին», որոնց միջև շփումը հնարավոր կլինի:
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի կողմից կազմակերպված «Շփման գիծ. Մշակույթ առճակատմա՞ն, թե՞ հաշտեցման աղբյուր» քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ է հայտնել թատերագետ, հրապարակախոս Արա Նեդոլյանը:
Նա նշել է, որ այդ կեղծ միասնությունները, օրինակ, մուղամի և ռաբիզի նմանությունը, չեն կարող հաշտեցման հիմք դառնալ: Այդ հիմքը, ըստ բանախոսի, կարող են հանդիսանալ այն շարժումները, որոնց կենտրոնում մարդն է, ոչ թե ազգային, կրոնական իդեալը: Այդպիսի քաղաքացիական շարժումները, նկատել է Նեդոլյանը, կան ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում, և Ադրբեջանում դրանց մասնակից լինելը ավելի մեծ ռիսկ է պարունակում:
«Պետք է Ադրբեջանում առաջադեմ ուժեր գտնել, և այնտեղ պետք է հաղթեն այն առաջադեմ ուժերը, որոնք չունեն իսլամական, ազգային իդեալ», – ասել է Արա Նեդոլյանը:
Քննարկման մասնակից, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի կարծիքով, ի տարբերություն արդբեջանական հասարակության, հայաստանյան հասարակությունը երբևէ փակ չի եղել երկխոսության համար: Ալավերդյանի կարծիքով` երկու հասարակությունների միջև կան քաղաքակրթական տարբերություններ, սակայն նա ողջունել է երկու երկրների միջև մշակութային երկխոսությունը` նշելով, որ համատեղ մշակութային ծրագրերը կարող են օգուտ բերել:
Քննարկման մասնակից ռեժիսոր Տիգրան Խզմալյանի կարծիքով` հայ և ադրբեջանական հասարակությունները դասակարգային պայքարի զոհ են, որից շահում են վերնախավերը, իսկ խնդիրները, որոնք խոչընդոտում են հաշտեցմանը, անհայտ են մնում երկխոսություն չունենալու պատճառով, ինչն էլ պայմանավորված է երկու երկրներում էլ ժողովրդավարության բացակայությամբ: Սակայն Խզմալյանը համոզմունք է հայտնել, որ մենք, ի վերջո, «ազատագրելու ենք մեր երկիրը մեր օկուպանտներից, հետո օգնելու ենք ադրբեջանցիներին, և մյուս հարևաններին»: Այս տեսակետի հետ համաձայնել է գրող Վահրամ Մարտիրոսյանը` նկատելով, սակայն, որ պայքարը չպետք է տարվի էթնիկ հողի վրա:
Նրա կարծիքով` հայերն ու ադրբեջանցիները շփման հնարավորություններ կարող են գտնել միայն իրար լավ ճանաչելով, դրա համար պետք է հարգանք ներշնչել միմյանց մշակույթների նկատմամբ:
«Երկխոսությունը հնարավոր է միայն քաղաքական լեզվով, ոչ ադրբեջաներեն, ոչ հայերեն, այլ այն լեզվով, որ տանում է անազատությունից` ազատություն, ժողովրդավարություն», – ասել է Վահրամ Մարտիրոսյանը:
Լուսանկարը` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Facebook-ի էջից