Թուրքիայում չպետք է վերադաս ինքնությամբ ազգեր լինեն, ինչպես օրինակ թուրքը. մարդիկ պետք է կարողանան բարձրաձայնել իրենց ազգային պատկանելության մասին առանց խտրական վերաբերմունքի թիրախ դառնալու: Today’s Zaman պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ստամբուլում հիմնված Մալաթիայի հայերի «ՀԱՅԴԵՐ» մարդասիրական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ Գարո Փայլանը` անդրադառնալով Թուրքիայի Սահմանադրության մեջ կատարվելիք ցանկալի փոփոխությանը:
Նշենք, որ ներկայումս Թուրքիայի խորհրդարանական համապատասխան ենթահանձնաժողովը քննում է երկրի Սամանադրությունում փոփոխություններ մտցնելու հարցը, և այս առնչությամբ երկրում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, այդ թվում` հայեր, հրավիրվել են խորհրդարան իրենց առաջարկները ներկայացնելու համապատասխան կառույցին:
Պարբերականի հետ զրույցում Փայլանն ընդգծել է, որ հայերի պահանջը նախևառաջ վերաբերում է քաղաքացիության հայեցակարգին:
«Նախևառաջ մենք հավասար իրավունքների տիրապետող քաղաքացիություն ենք պահանջում: Մենք նաև դրական խտրականություն ենք պահանջում: Այդուհանդերձ, ես զարմացած եմ, որ Բարդուղեմիոսը (Հունական համայնքի արքեպիսկոպոս) խորհրդարանում ասաց, թե խնդիր չի տեսնում իրեն թուրք անվանելու մեջ, յուրաքանչյուր ոք ով Թուրքիայի քաղաքացի է, Սահմանադրությամբ թուրք է կոչվում:
Սա մեր պահանջը չէ, մեր պահանջը քաղաքացիության վերաբերյալ համապարփակ բնորոշումն է, որը «Թուրքիայի քաղաքացի» հասկացությունն է: Հունական համայնքի անդամները նույնպես հաճախ ասում են, որ իրենք թուրք են: Նախևառաջ, սա անարդար է թուրքերի հանդեպ: Մի՞թե թուրքերը պատրաստ են ընդունել, որ հայերն ասեն, որ իրենք թուրք են: Թուրք լինելը էթնիկ պատկանելություն է: Որոշ հայեր նույնպես ասում են, որ իրենք թուրք են, սա չարիք է: Եվ ես զարմացած եմ, որ Բարդուղեմիոսը նման բան է ասում: Սրանից խանդավառվում է Ազգայնական շարժում կուսակցությունը, իսկ մեր առաքելությունը ազգայնականներին գոհացնելը չէ», – ասել է Փայլանը:
Այդուհանդերձ, ըստ Փայլանի, հայ համայնքի որոշ ներկայացուցիչներ չէին ցանկանա, որ ինքը կամ մեկ այլ հայ իրենց մտահոգությունների մասին բարձրաձայներ, որովհետև իրենք կարող են ազգայնական խմբերի կամ միատարր հասարակություն ցանկացող խմբերի հարձակումների թիրախ դառնալ:
«Նրանք կարծում են, որ ազգային փոքրամասնությունների կյանքը շատ ավելի կբարդանա, եթե իրենք խոսեն իրենց խնդիրների մասին: Նրանք մշտապես ասում են` «Տեսեք` ինչ եղավ Հրանտի հետ (2007 թվականին սպանված «Ակօս» երկլեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը)», – պատմել է Փայլանը: