ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանի կարծիքով ՀՀ կառավարության կողմից լրամշակված և կրկին ԱԺ-ի քննարկմանը ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքից վատ հոտ է գալիս:
Հիշեցնենք, որ համաձայն օրենքի նախագծի, արտակարգ դրության դեպքում կարող են օգտագործվել ՀՀ զինված ուժերը:
«Երեկ ի պատասխան իմ հետևյալ հարցին` «եթե այս օրենքը գործեր 2008 թվականի մարտի 1-ին, ապա ինչ սցենարով կզարգանային իրադարձությունները», Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքը 2008 թվականի մարտի 1-ից լավ տեղեկացված չէ և չի կարող պատասխանել: Ես որպես մարտի 1-ի իրադարձությունների մասնակից կարող եմ ասել, որ ոչինչ էլ այս օրենքը չի լավացնելու, եթե իշխանությունները մեկ անգամ էլ փորձեն կրկնել մարտի 1-ը: Զինված ուժերը դարձյալ մտնելու են, ինչպես մտան, ԶԼՄ-ները էլի փակվելու են, ինչպես փակվեցին: Լինելու է մի դժոխային վիճակ, լինելու է մարդասպանություն: Թող լեզուս չորանա, բայց այս օրենքը չի օգնելու, որպեսզի չկրկնվեն մարտիմեկյան իրադարձությունները»,- ասել է Բախշյանը:
Նա հիշեցրել է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ օրենքի ընդունումը ուշացած է, և գալիք խորհրդարանական ընտրություններով է պայմանավորված այն, որ օրենքը քննարկվելու է արագացված ռեժիմով:
«Եթե ընտրություններով է պայմանավորված, ապա դա նշանակում է, որ իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրության: Շատ վատ նախանշան է», – նշել է «Ժառանգության» պատգամավորը:
Բախշյանն ասել է նաև, որ արտակարգ դրությունը հայտարարվում է այն ժամանակ, երբ անմիջական վտանգ է սպառնում երկրի Սահմանադրական կարգին, իշխանությունը բռնությամբ տապալելու փորձ է սպասվում կամ զանգվածային անկարգություններ են լինում: Պատգամավորի հռետորական հարց է ուղղել` «եթե պատրաստվում են նորմալ անցկացնել ընտրությունները, ապա ինչո՞ւ պատրաստվել խժդժություններին»:
«Ընտրությունները մոտենում են, և իշխանությունները պատրաստվում են ասել. «Տե’ս, ժողովուրդ, եթե ցանկանում ես քո հացի խնդիրը բարձրացնել, քո իրավունքների խնդիրը բարձրարցնել, քո ընդվզման մասին խոսել, ապա տես հա, բանակը բերելու եմ և զինված ուժերը հանելու եմ քո դեմ», – ասել է Բախշյանը: