Քաղաքական տեսանկյունից ամբողջությամբ համամասնական ընտրակարգի անցնելն աննպատակահարմար է: Այս մասին այսօր Ազգային Ժողովում «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու առնչությամբ քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով` իշխող կուսակցությունը ներկայիս մոդելը օպտիմալ է համարում: Նշենք, որ ներկայումս 131 պատգամավորից 41-ը ընտրվում են մեծամասնական ընտրակարգով:
Դավիթ Հարությունյանը խոսել է նաև 100 տոկոսով համամասնական ընտրակարգին դեմ հանդես եկող մարդկանց այն կարծիքի մասին, թե մեծամասնականով խորհրդարան հիմնականում անցնում են քրեածին տարրեր: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով` քրեածին տարրերն ավելի շատ համամասնականով են ներթափանցում խորհրդարան, քան մեծամասնականով:
«Քաղաքական մեծամասնությունն ԱԺ-ում ձևավորվում է մեծամասնականով ընտրված պատգամավորների շնորհիվ», – հայտարարել է Հարությունյանը:
Ի պատասխան այս դիտարկմանը` ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նշել է, որ այդ արտահայտությամբ Հարությունյանը փաստորեն խոստովանել է, որ ԱԺ-ում մեծամասնություն լինելու են ներկայիս իշխանությունները, և Հայաստանում առանց արյունահեղության իշխանության հասնել հնարավոր չէ:
Հովհաննիսյանը նշել է, որ դա կարելի է պնդել նաև ելնելով այն փաստից, որ այսօր ԱԺ-ում քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի» մասին օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծի համաձայն ՀՀ զինված ուժերը կարող են օգտագործվել արտակարգ դրության ժամանակ:
Այս պահին քննարկումները շարունակվում են: