Հայաստանի հավաքականն այսօր Կիպրոսում իր առաջին ընկերական հանդիպումն անցկացրեց: Սերբիայի հավաքականի հետ խաղում թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը բավական մեծ թվով ոչ հիմնական կազմի խաղացողներ էր խաղադաշտ դուրս բերել: Մեր թիմի դարպասը պաշտպանում էր Գրիգոր Մելիքսեթյանը, պաշտպանությունում փորձառու Ռոբերտ Արզումանյանի կողքին խաղում էին երիտասարդներ` Վարազդատ Հարոյանը, Հովհաննես Համբարձումյանը և Գագիկ Դաղբաշյանը, կիսապաշտպանությունում խաղում էին Կառլեն Մկրտչյանը, Մասիս Ոսկանյանը, Էդգար Մալաքյանը, Արթուր Յուսպաշյանը, առջևի գծում հանդես էին գալիս Արթուր Սարկիսովն ու Գևորգ Ղազարյանը:
Սերբիայի կազմն ավելի մոտ էր հիմնականին. Մրցակցի թիմում առաջին րոպեներից խաղադաշտ էին դուրս եկել եվրոպական առաջատար ակումբներում հանդես եկող Ալեքսանդար Կոլարովը, Բրանիսլավ Իվանովիչը, Նեվեն Սուբոտիչը, Զդրավկո Կուզմանովիչը, Զորան Տոշիչը:
Մրցակցի ֆուտբոլիստների փորձն ու ավելի բարձր կարգը զգալ տվեց առաջին խաղակեսում: Սերբերն առաջին 30 րոպեների ընթացքում երկու գնդակ խփեցին, որից հետո խաղադաշտում հավասար պայքար ընթացավ: Բաց թողած գնդակների դեպքում դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ էր մղում գնդակը, իսկ վրա հասած մրցակցի ֆուտբոլիստները գրավում դարպասը: Առաջին դեպքում դա հաջողվեց անել Կուզմանովիչին, երկրորդ դեպքում` Իվանովիչին:
Երկրորդ խաղակեսում հանդիպման պատկերը փոխվեց. Հայաստանի հավաքականն ավելի ակտիվ սկսեց գործել և մի քանի պահ ստեղծեց: Երկու անգամ միջին տարածությունից վտանգավոր հարվածում էր Գևորգ Ղազարյանը, մեկ անգամ Սուբոտիչը կարող էր ինքնագոլի հեղինակ դառնալ, բայց սերբերին փրկեց դարպասաձողը: Հայաստանի հավաքականի ամենավտանգավոր պահը չիրացրեց փոխարինման դուրս եկած Վալտեր Պողոսյանը, ով, փոխանցում ստանալով Գևորգ Ղազարյանից, հայտնվեց անպաշտպան դարպասի առջև, սակայն հապաղեց, իսկ հետո անհաջող հարվածեց, և Կոլարովը հասցրեց փակել գնդակի ճանապարհը: Մրցակիցը երկրորդ կեսում մեկ իրական գոլային պահ ունեցավ, երբ «Այաքսում» հանդես եկող Միրալեմ Սուլեյմանիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասի հորիզոնական ձողին:
Մինչև խաղի վերջ հաշիվը չփոխվեց: Սերբերը հաղթեցին կարգի հաշվին, իսկ Հայաստանի հավաքականի հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների խաղը թեև դրվագներով էր ստացվում, բայց լուրջ քննադատության տեղիք չտվեց` մարզիչների համար լավ վերլուծության նյութ հանդիսանալով:
Վաղը Հայաստանի հավաքականն առավելապես հիմնական կազմի ֆուտբոլիստներով կմրցի Կանադայի ընտրանու հետ: