«Ես բիզնեսով չեմ զբաղվում, նախագահն էլ ինչ ասում է` ճիշտ է ասում: Ես իմ պատգամավորական գործունեությամբ եմ զբաղվում, իմ բիզնեսներով էլ իմ կինն է զբաղվում, նույնիսկ քթիս վիրահատության փողն է կինս տվել», – «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` մեկնաբանելով մեծամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու հանգամանքը և միաժամանակ բացատրելով նախագահ Սերժ Սարգսյանի այն դիտարկումը, թե պատգամավորական գործունեությունը պետք է տարանջատել բիզնեսից:
Թերթի թղթակիցը հետաքրքրվել է, թե ինչու է պատգամավորի մոտ քիթը վիրահատելու անհրաժեշտություն առաջացել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը նշել է, որ միջնապատի խնդիր ուներ: Ի դեպ, վիրահատությունն իրականացվել է Գերմանիայում, սակայն ոչ այն պատճառով, որ պատգամավորը չի վստահում հայ բժիշկներին, պարզապես եվրոպական երկրում գործեր էին ծագել և, այնտեղ մեկնելով, որոշել էր «այդ հարցն էլ լուծել»:
Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ պատգամավորը ավելի վաղ չի վիրահատել քիթը, վերջինս պատասպանել է. «Էն ժամանակ, որ լավ չէի շնչում, մտքերս լավ չէին գալիս, հիմա արդեն լավ օդ է քաշում ուղեղս, նոր լավ-լավ մտքեր են գալիս»:
Սամվել Ալեքսանյանը գալիք խորհրդարանական ընտրություններին կրկին մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 7 ընտրատարածքում:
Նշենք, որ, համաձայն Հայաստանում տարածված համոզման Սամվել Ալեքսանյանին է պատկանում Երևան Սիթի սուպերմարկետների ցանցը, Նատալի ֆարմ դեղատների ցանցը, ռուսատանյան և ուկրաինական օղիների նմանությամբ արտադրություն ստեղծող գործարանը ինչպես նաև նա հանդիսանում է խոշորագույն շաքարավազ ներմուծողը: Ներկայիս գումարման Ազգային ժողովում Սամվել Ալեքսանյանը նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորների տասնյակում է, 2007 թվականից նա չի ներկայացել 364 անգամ: