Ֆրանսիայի կողմից ընդունված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նման որոշումներ ընդունելու են նաև այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այս մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ավստրիական «Der Standard» օրաթերթին տված հարցազրույցում:
Լրագրողի այն դիտարկմանը, թե քննադատները օրենքի ընդունումը կապում են նաև Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ, Նալբանդյանը պատասխանել է.
«Ոչ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել և ընդունվել է Ազգային Ժողովում և Սենատում: Այդպիսով, օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը: Նույնը տեղի է ունեցել նաև 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ»:
ՀՀ արտգործնախարարի խոսքով` այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:
«Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է: Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետ քայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում», – նշել է Նալբանդյանը:
Լրագրողը նշել է, որ օրենքի առնչությամբ մի խումբ սենատորների` Ֆրանսիայի սահմանադրական խորհրդին դիմելը ցույց է տալիս, որ չնայած լայն շրջանակների հավանությանը ցեղասպանության մասին օրենքը վիճարկելի է:
«Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում որևէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել:
Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի», – նշել է Նալբանդյանը: