Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ղեկավար ՀՀԿ-ական Ազատ Ղուկասյանը զրպարտություն է համարում այն լուրը, թե ինքը բռնաբարել է 8-րդ դասարանցի իր աշակերտուհուն: Այս մասին նա ասել է «Երկիր» թերթի հետ զրույցում:
«Զրպարտում են, նման բան չկա: Այս պահին խիստ զբաղված եմ, քննիչի հետ հանդիպման եմ գտնվում: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող», – ասել է Ղուկասյանը ու հավելել, որ այս մասին «ով էլ որ գրել ա, ինչ էլ գրել ա, դրա համար պատասխան ա տալու»:
«Ես հիմա փակագծեր չեմ ուզում բացել, մանրամասներ չեմ ուզում ասել: Էնքան են զանգում էս հարցով, արդեն իսկականից հոգնում եմ», – եզրափակել է գյուղապետը:
Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու հատկանիշներով:
Ավելի վաղ աշակերտուհու հորեղբայրը «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ միջադեպին ականատես են եղել աղջկա դասընկերուհիները, որոնք սկսել են կասկածել, քանի որ ուսուցիչը մի քանի անգամ ֆիզկուլտուրայի ժամին «ինչ-որ տեղ է տարել նրան»:
«Դասընկերուհիներից մեկը, որ շատ ռիսկով աղջիկ է, գնացել է ու բանալու անցքով նայել», – պատմել էր հորեղբայրը:
«Հետքի» տեղեկություններով՝ սա առաջին անգամը չէ, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանի անունը կապվում է նման միջադեպերի հետ: Նա ժամանակին դպրոցի տնօրենն էր և, ըստ խոսակցությունների, պաշտոնանկ է արվել աշակերտուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների պատճառով: Համայնքապետի այս անգամվա զոհը՝ 14-ամյա աղջնակը, տառապում է մտավոր հետամնացությամբ: