Հայաստանում ալյուրի թանկացման միտումները պայմանավորված են համաշխարհային շուկայում ցորենի գնի մոտ 25 տոկոս աճով: Այս մասին «Հայկական ժամանակ» թերթին հայտնել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:
Ըստ հանձնաժողովի դիտարկումների` ալյուրը Հայաստանում արդեն թանկացել է միջինը 9 տոկոսով: Դրանով է պայմանավորված, մասնավորապես, Գյումրիում հացի թանկացումը:
Չնայած հացի շուկան ՏՄՊՊ հանձնաժողովի ուսումնասիրությունների շրջանակներում չէ, սակայն հանձնաժողովում հույս են հայտնում, որ նախկինում ձեռք բերված և կուտակված ցորենի ու ալյուրի հաշվին հացի գների աճը հնարավոր կլինի կանխել:
Այնուամենայնիվ, թերթը եզրակացնում է, որ եթե ցորենի և ալյուրի գները բարձրանան, հացի գինը, անկասկած, բարձրանալու է: Խնդիրն ընդամենը այն է, թե երբ է թանկանալու: