Եգիպտական դատարանը հրաժարվել է դիտարկել իսլամիստների կողմից քրիստոնյա մեդիամագնատի դեմ ներկայացված իսլամը վիրավորելու մասին հայցը:
2011 թվականի հունիսին Եգիպտոսի խոշոր գործարար Նահիբ Սավիրիսը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել էր Դիսնեյի մուլտհերոսներ Միկի Մաուսի և նրա ընկերուհի Մինիի ծաղրանկարը: Նկարում Մինին ավանդական մահմեդական հագուստ է կրում, Միկին մորուքով է, իսկ ներքևում գրություն է, որտեղ ասվում է. «Միկին ու Մինին իսլամիստների` իշխանության գալուց հետո»: Ծաղրանկարը արտացոլում էր նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսում իսլամիստների ազդեցության մեծացումը:
Տեղեկանալով իսլամիստների վրդովմունքի մասին` մեդիամագնատը ջնջել էր նկարն իր միկրոբլոգից և ներողություն էր խնդրել ընթերցողներից` նշելով, որ չէր պատրաստվում որևէ մեկի կրոնական զգացմունքները վիրավորել:
«Ես պարզապես մտածեցի, որ դա զվարճալի նկար է: Ես չէի ցանկանում որևէ անարգանք ցուցաբերել: Ցավում եմ»,- գրել էր գործարարը:
Այդուհանդերձ իսլամում ֆունդամենտալիստական ուղղության հետևորդները` սալաֆիտները Սավիրիսի դեմ հետապնդումներ են նախաձեռնել` կոչ անելով բոյկոտել նրան պատկանող Mobinil ընկերությունը: Արդյունքում ընկերության ակցիաները որոշ ժամանակով ընկել էին եգիպտական բորսայում:
Վերլուծաբանները անիմացիոն սկանդալային պատմության մեջ քաղաքական ենթատեքստ էին տեսնում, քանի որ քրիստոնեությանը դավանող Սավիրիսը գլխավորում է լիբերալ հայացքներ ունեցող «Ազատ եգիպտացիներ» կուսակցությունը, որը բոյկոտել է երկրի խորհրդարանական ընտրությունները: