Այսօր ՀՀ Ազգային Ժողովում դարձյալ քննարկվել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի նախագիծը: Վաղը` մարտի մեկին, նախագիծը կդրվի քվեարկության:
ԱԺ «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունները, սակայն, շարունակում են դեմ արտահայտվել նախագծին և ցանկանում են, որպեսզի այն կրկին փոփոխությունների ենթարկվի: Մասնավորապես, այս խմբակցությունների պատգամավորներին անհանգստացնում է այն, որ նախագծում նշված է, որ արտակարգ դրության ժամանակ ներգրավվելու են Զինված ուժերը:
«Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի խոսքով` եթե անգամ բանակը գեղեցիկ ֆրակներով` թիթեռնիկներ կպցրած, գա, միևնույնն է, դա անթույլատրելի է: Վերջինս նշել է, որ այս օրենքն ինքին խախտում է սահմանադրական կարգը:
«Իսկ ով ասեց, որ Սահմանադրական կարգի խախտումը միայն իշխանությունը վերցնելն է: Չէ՞ որ սահմանադրական կարգը շատ այլ նորմեր է ենթադրում, որոնցից մեկը հավաքների ազատությունն է, կյանքի իրավունքն է»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
Պատգամավորի խոսքով` ոչ ոք իրավունք չունի սահմանափակել զանգվածային խաղաղ բողոքները:
«Եթե կան սադրիչներ, ապա ԱԱԾ-ի և ոստիկանության ներկայացուցիչները պետք է անմիջապես չեզոքացնեն այդ սադրիչներին և հեռացնեն խաղաղ ցույցի վայրից: Ոչ թե դրա անվան օգտագործման տակ հայտարարվի արտակարգ դրություն, և մի հատ էլ զորքը բերվի, ինչին ականատես եղանք 2008 թվականի մարտի մեկին»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ «սա ոչ թե իրավական ռեժիմ է, այլ վախեցնելու ռեժիմ»:
«Այս նախագիծն այս տեսքով ընդունել չի կարելի, և այն փոփոխության պետք է ենթարկվի: Հիշեցնեմ, որ մարտի մեկ-երկուսի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը հատկապես անդրադարձել էր այս օրենքի ընդունման անհրաժեշտությանը: Որևէ սիմվոլիկա չգտնելով այս ամեն ինչի մեջ` ես կարծում եմ, որ այն, ինչ մենք անելու ենք մարտի մեկին (նկատի ունի վաղվա քվեարկությունը), անենք ի բարօրություն մեր պետության, մեր ժողովրդի և ավելի ժողովրդավար Հայաստան ունենալու ձգտմանը համապատասխան»,- ասել է Արծվիկ Մինասյանը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, լսելով ելույթներն ու պատգամավորների մտահոգությունները, հայտարարել է, որ իր անունը գրավ է դնում և հավաստում, որ կառավարության կողմից այս օրենքի ընդունման հետ կապված որևէ դավ չկա: